«Մեր պարերը և մենք». «Գառնի»-ում նշվել է թանգարանների միջազգային օրը
Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախանշված միջոցառումների շրջանակում, մայիսի 18-ին «Թանգարանները` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեց «Մեր պարերը և մենք» կրթամշակութային ծրագիրը: Ամենամյա դարձած ծրագրի մեկնարկը տրվել է 2010-ին` կրկին «Գառնի»-ում, իսկ արդեն անցյալ տարի դա ներկայացավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, համերգ-միջոցառման ընթացքում ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների համար ելույթ ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի Հայորդաց տան պարային համույթը /տնօրեն` Թամարա Հարությունյան, գեղարվեստական ղեկավար` Արմենուհի Դիլանյան/:
Ծրագիրը բաղկացած էր երկու մասից` համերգային և պարուսուցման: Շուրջ երկու ժամ տևած միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեկ տասնյակից ավելի ազգագրական և ժողովրդական պարեր, ինչպես նաև Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը, հայկական ավանդական պարերի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում և սովորույթներում: Միջոցառման ավարտին կազմակերպվել է պարուսուցում այցելուների համար, բացատրվել են պարաքայլերի իմաստն ու կատարման ձևերը:
Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով միջոցառման ավարտին անցկացվել է նաև սոցիալական հարցում միջոցառման կազմակերպման, պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև միջոցառումից ստացված տպավորությունների վերաբերյալ:
Միջոցառումը ներդաշնակ և գեղեցիկ իրականացնելու համար պարային համույթի սաները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պարգևատրվել են պատմամշակութային հուշարձանները խորհրդանշող նվեր-մրցանակներով: