Ողջ գետն աղտոտվել է. Վնասը կազմում է 667 հազար դրամ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման պատճառով հաշվարկվել է 667 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին հայտնեցին ԲՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները մայիսի 5-18-ն ընկած ժամանակահատվածում այս և այլ խախտումների թվում Գեղարքունիքում արձանագրել են 3.16 կգ խեցգետնի ապօրինի որս և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50 հազար դրամ, իսկ բռնագրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10 հատ ձկնորսական ցանց, 53 հատ/15կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 157 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձկները հանձնվել են «Զատիկ» մանկատուն ՊՈԱԿ և «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»: