«Ընենց որ, պարոն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա ենք». Վարչապետը խոսել է ընդդիմության ձախողումներից
Այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով ԱԺ Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեց իր կուսակից Վազգեն Խաչիկյանին, որի «նկատմամբ գործ է հարուցված»:
«Նմանատիպ դեպք ունենք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված` երբ բացահայտվել էին չարաշահումները և այսօր դուք տեղյակ եք նաև այդ գործից: Կան բազմաթիվ քրեական գործեր տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ: Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը և հասարակությունը մեզանից պահանջում է ավելի վճռական գործողություններ ավելի տեսանելի բացահայտումներ, բայց այդտեղ մենք տեսնում ենք նաև պոպուլիզմ, որը վտանգավոր է», -հավելեց Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի առաջադրած այն թեզին, թե ինչու է Հայաստանում իշխանությունը մղվում դեպի իշխանության և ձեռքից չի ցանկանում բաց թողնել այն, Սարգսյանը նկատեց, որ դա աշխարհում անհավանական երևույթ է: «Ցանկացած քաղաքական ուժ ուզում է իրականացնել ռեֆորմներ, որոնք կտան դրական արդյունքներ, որպեսզի ժողովուրդը իր վստահության քվեն նորից տա հենց այդ քաղաքական կուսակցությանը»,-նկատեց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով, այն դեպքում, երբ ընդդիմությունը «արդարացիորեն» քննադատում է կառավարությանը սխալների համար, պետք է նաև «համարձակություն ունենա բացահայտել սեփական ձախողումները»: «Այդ ձախողումների հետևանքով դուք կորցնում եք ժողովրդի վստահությունը, և ժողովուրդը կորցնում է այլընտրանքի հույսը: Ընենց որ, պարոն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա են, և ճիշտ ուղին այս խնդիրները լուծելու, համագործակցության ուղին է», -հայտարարեց վարչապետ Սարգսյանը: