Տ. Սարգսյան. Կառավարությունը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից
«Առաջինը սննդի անվտանգության համակարգն է: Պետք է սննդի անվտանգության լավագույն համակարգեր ներդնենք: Այդ համակարգի ներդրումը կարևորագույն էլեմենտներից մեկն է: Երկրորդը մաքսային վարչարարության ոլորտն է, որտեղ պետք է գործեն ԵՄ ստանդարտները»,- քիչ առաջ, ԱԺ նիստի ընթացքում` պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ մաքսային կետերում նախատեսվում է նոր մաքսատներ կառուցել:
Այնուհետև, անդրադառնալով հայաստանյան հասարակական կազմակերպությունների դերակատարությանն ու գործունեությանը, Տ. Սարգսյանը նշեց. «Մեր հասարակական կազմակերպություններն այնքանով են ուժեղ, որքանով ուժեղ են մեր պետությունն ու հասարակությունը: Մենք պարտավոր ենք ապահովել ՀԿ-ների ներգրավումը պետականաշինության գործում: Այստեղ ենք տեսնում մեր կառավարության գերակա խնդիրը: Ամեն ինչ անելու ենք, որ ՀԿ-ներին ներգրավենք որոշումների կայացման գործին:
Վարչապետը պատասխանեց նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի` հարկային քաղաքականության վերաբերյալ հարցին ու ասաց. «Ավելի արդար կլինի, եթե սահմանի վրա մենք ԱԱՀ չգանձենք: Բայց դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է 150 մլն դոլարի բուֆերային ֆինանսական միջոցներ: Եթե մենք չկարողանանք հայթհայթել այդպիսի ֆինանսական միջոցներ, պետք է դա անենք սահուն, այսինքն` տարեցտարի հանենք սահմանի վրայից ԱԱՀ-ն»:
Խոսելով աշխատավարձերի մասին, բանախոսը հավելեց, որ մոտակա հինգ տարիների ընթացքում պետք է տեղի ունենա աշխատավարձերի շեշտակի աճ:
Նրա համոզմամբ` ռեֆորմներն անցավ չեն լինում: Պետք է քաղաքական կամք, վճռականություն, և տարիների ընթացքում մենք կունենանք հաջողություն:
«Արդյունաբերական քաղաքականույթունը դեռևս համատարած բնույթ չի կրում: Երբ մենք բացահայտում էինք պոտենցիալ ունեցող ոլորտները, բացահայտել ենք միայն 12 ճյուղ: Դրանք այն ճյուղերն են, որոնցում մասնավոր սեկտորը պատրաստ է մեզ հետ համագործակցել»,- հավելեց ՀՀ վարչապետը:
Պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի` նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցին, Տ. Սարգսյանն ասաց. «ՀՀ կառավարությունը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: Մենք կառուցելու ենք այդ նոր բլոկը և այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք կատարել: Այժմ քննարկումներ են ընթանում մեր ռուս գործընկերների հետ, թե ինչ ժամանակահատվածում է հարմար նոր ատոմակայանը հանձնել շահագործման: Երբ կավարտվի ուզսումնասիրությունները և պարզ կլինի, թե հին ատոմակայանը մինչև երբ է հնարավոր շահագործել, դրանից կախված էլ պարզ կլինի նորի կառուցման ժամանակացույցը»: