Ուրիխանյան. Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը
Րաֆֆի Հովհաննիսյանի` «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությանն արձագանքել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ծառուկյանն իր հետ երկու հանդիպումներում եղել է անկեղծ, դեմ դիմաց հայտարարել է, որ դուրս չի գա իշխանության դեմ:
«Ծառուկյանն ինձ ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ»,-մասնավորապես ասել է Հովհաննիսյանը:
Ի պատասխան սրա, Տ. Ուրիխանյանը հայտարարում է, որ «մեջբերումները թերի են և ոչ ստույգ»:
«Օրերս Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են և ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը:
Ինչ վերաբերվում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Ն. Զոհրաբյանը, Ժառանգությունից` Հ. Խուրշուդյանը, Ռ. Հակոբյանը»,-ասված է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ: