ԱԺ պատգամավոր. Գազի գնի բարձրացման խնդիրը զուտ տնտեսական է
Կառավարությունը պատրաստ էր գազի գնի թանկացմանը, բայց ոչ գործադիրը, ոչ էլ իշխող Հանրապետական կուսակցությունը չի նախապատրաստել երկրի ազգաբնակչությանը: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մինչ այսօր պարզ չէ, թե ինչու է ռուսական գազը հասնում Հայաստանի սահման 180 դոլար խորանարդ մետրի համար, բայց ազգաբնակչության վրա ծախսվում է 380 դոլարով:
«Ռուսաստանը երեք տարի գազի գինը չի բարձրացել այլ պատճառներով, բայց հարց է առաջանում, թե ուր է գնում այս մարժան: Ստացվում է, որ Հայաստանին հնարավորություն էր տրված, որ դիվերսիֆիկացիա կատարվեր ցածր գնով, սակայն դա չարվեց: Հինգ տարվա ընթացքում տրվել էր նախապատրաստական աշխատանքների հնարավորություն», - ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ պետք է նախապես ուսումնասիրել, թե ինչու է նման տարբերություն և պատասխանատվության ենթարկել այն մարդկանց կամ կառույցներին, որոնք փորձում են աշխատել պետության տնտեսության և ժողովրդի հաշվին: «Պետք է ուսումնասիրել, և նոր միայն սուբսիդավորել», - նշեց Ա.Սարգսյանը:
Ըստ բանախոսի՝ գազի գնի հարցը կարող է լուծվել, եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, մասամբ համաձայնվելով Դեմկուսի ղեկավարի հետ, նշեց, որ Ռուսաստանը տալիս է Բելառուսին ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին, և նման գնով տեղաբաշխողը «Հայռուսգազարտն» է:
«Մայիսի 23-ին խորհրդարանում կլինեն լսումներ, որտեղ պետք է նայենք ծախսային մասը և որքանով է այդ գնի բարձրացումն ադեկվատ և անհրաժեշտ», - ասաց նա:
Միաժամանակ, նրա խոսքով՝ գնի թանկացումը մարտահրավեր է Հայաստանի տնտեսությանը: Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններից զատ՝ պետք է որոշակի ճնշում գործադրել նաև տեղաբաշխողի վրա՝ թե Հանրային խորհրդի և թե տարբեր կառույցների մակարդակով:
Վ. Այվազյանը նաև չբացառեց, որ գազի գնի սուբսիդավորումը կարող է լինել ոչ միայն ՀՀ բյուջեի հաշվին: «Սուբսիդավորումը կլինի պետական միջոցների և դրամաշնորհների հաշվին: Հնարավոր է նաև, որ սուբսիդավորվի նույնիսկ ռուսական կողմից», - ասաց նա:
Բանախոսի կարծիքով՝ Մոսկվայի կողմից Երևանին տնտեսական պատժի կամ որևէ այլ ճնշման մասին խոսելն ավելորդ է, իսկ եթե ռուսական կողմն իրոք նման քայլով փորձում է ներազդել, ապա պետք է բարձրացնել Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների հարցը: «Այստեղ որևէ քաղաքական հարց չկա, սա զուտ տնտեսական հարց է և խնդրից դուրս գալու համար պետք է որ ազգաբնակչությունն էլ վճարունակ լինի», - ասաց ԱԺ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները