«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա». 60 հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հավաքվել են մեկ շտեմարանում
20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները հավաքվել են մեկ շտեմարանում. «Արս լունգա» դուետը իրականացել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը: Ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը դուետինն է՝ ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Թալալյանն ասաց, որ ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական միտքն ու ավանդույթները 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը, այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների: «Հայ կամերային երաժշտական անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտոների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չեն կատարվել, կամ էլ կատարվել են տասնամյակներ առաջ և ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն:
60 ստեղծագործությունները կատարել և ձայնագրել են ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ և ձայնագրման ժամանակակից պահանջներին համապատասխան: Արդյունքում, թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված հավաքածուն (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկում:
Արամ Թալալյանն ասաց, որ ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար. «Սա ակադեմիական բնույթ կրող ծրագիր է»: Թողարկված ձայնագրությունների ժողովածուները, ըստ նրա, հատկացվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, քոլեջներին, բուհերին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտության պրոպագանդող ռադիոկայաններին, որպեսզի գրանցեն իրենց բազայում, իմանան, որ նման ստեղծագործություններ կան: Այսինքն, հնարավորություն է ներկայացնելու, պրոպագանդելու հայկական մշակույթը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց, որ հայ երաժշտական կյանքում տոնական օր է. «Այսպիսի կոթողային մի աշխատանք ներկայացնելը ինքին նշանակալի է, ու մեծ արժեք ներկայացնող երևույթ է»:
Թողարկված ձայնագրությունների ժողովածուների շնորհանդեսը կկայանա հունիսի 26-ին Կամերային երաժշտության տանը՝ «Թալալյան եղբայրներ» փառատոնի բացման ժամանակ:
Արամ Թալալյանն ասաց, որ ծրագիրը լինելու է շարունակական. նախատեսվում է շարունակել ձայնագրությունների շարքը՝ համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով՝ դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ և այլն:
Նախագիծն իրականացվել է մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Երևան Ինթերնեյշնլ ռոտարի» ակումբի հովանավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները