ՀՀ նախագահի մամուլի խոսնակը դատապարտում է լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստը
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դատապարտում է մայիսի 18-ին Սևան-Երևան ավտոմայրուղու վրա լրագրողների աշխատանքները խոչընդոտելու փաստը, երբ զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին:
Ստորև ներկայացնում ենք Արման Սաղաթելյանին ուղղված NEWS.am-ի հարցն ու նրա պատասխանը:
-Պարո՛ն Սաղաթելյան, մայիսի 18-ին Սևան-Երևան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին, խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, ինչի մասին մի քանի լրատվամիջոցներ արդեն տեղեկատվություն են հաղորդել համապատասխան մարմիններին: Ինչպե՞ս եք գնահատում կատարված:
-Միանշանակ բացասական եմ գնահատում, միանշանակ դատապարտում եմ: Հանրապետության Նախագահի ցուցումով ես հենց նույն օրը շփվել եմ «Արմնյուզ», «Շանթ», «Կենտրոն» հեռուստաընկերությունների և մյուս լրատվամիջոցների ղեկավարների հետ, մեր աջակցությունն ու սատարում եմ հայտնել: Կատարվածի պատշաճ ուսումնասիրումը նույն պահից սկսած գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:
Վստահ ենք, որ իրավասու մարմիննները օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները: Վաղուց ժամանակն է, որ առանձին պաշտոնատար անձինք մեկընդմիշտ վերանայեն իրենց վարքագիծը և ընկալեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման մակարդակին համահունչ գործելաոճի հրամայականը»:
Նշենք, որ մի քանի լրատվամիջոցներ դժգոհություն էին հայտնել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, տեսախցիկներն ու հիշողության կրիչները վերցնելու վերաբերյալ և դիմել են համապատասխան մարմինների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին