Կհաջողվի՞ «Արմավիա»-ին առողջանալ. ՔԱԳՎ-ն ու «Զվարթնոց»-ը չեն մեկնաբանում
Ոչ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոչ «Զվարթնոց» օդանավակայանը մեկնաբանություններ չեն տալիս «Արմավիա» ավիաընկերության` Հանրային խորհրդին ներկայացրած առողջացման ծրագրի վերաբերյալ:
«Ծրագիրը մեզ չէ ներկայացված, ըստ այդմ ծրագրի վերաբերյալ մենք որևէ մեկնաբանություն չունենք»,-նման պատասխան Panorama.am-ը ստացավ թե վարչության, թե ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին իրեն սնանկ հայտարարած ազգային փոխադրող համարվող ավիաընկերությունը Հանրային խորհրդի առաջարկով ներկայացրել է առողջացման ծրագիր: Մասնավորապես ընկերությունն առաջարկում է ավիատոմսերի գնից հանել 10 հազար դրամի՝ օդի պետական տուրքը, ինքնուրույն ավիացիոն վառելիք ձեռք բերելու հնարավորություն տալ, վերակազմավորել պետբյուջեի նկատմամբ պարտքերը, զեղչել օդանավակայանի ծառայությունների 30%-ով օտարերկրյա ավիաընկերությունների համար գործող գների համեմատ և այլն:
Հանրային խորհուրդը ծրագիրը ներկայացրել է կառավարությանը, սակայն արձագանք դեռ չկա:
«Մի քանի օրից մեզ մոտ ասուլիս է լինելու, այդ ժամանակ ղեկավարությունը հարցերին կպատասխանի»,-ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
ՔԱԳՎ-ն ավիացիոն ոլորտում նոր փոխադրողի մասին որևէ առաջարկ կառավարությանը չի ներկայացրել: Այստեղ սպասում են մի ընկերության, որը ավիափոխադրող դառնալու հայտ կներկայացնի:
«Դրանից հետո նոր մենք ասելիք կունենանք»,-ասաց ՔԱԳՎ մամուլի խոսնակ Նելի Չերչինյանը:
«Արմավիա» ավիաընկերությունից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչու ծրագիրը չի ներկայացվել նաև ոլորտը կարգավորող մարմնին ու օդանավակայանի ղեկավարությանը:
«Հանրային Խորհուրդը խնդրել է, մենք ներկայացրել ենք»,-ասացին ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչ վերաբերում է սնանկ ճանաչվելու հայցով դատարան դիմելուն, ապա ընկերությունից հիշեցնում են, որ օրենքը դատարան դիմելու հստակ ժամկետներ չի նշում, իրենք էլ փաստաթղթերն են պատրաստում:
Նախորդող հրապարակումներ`
«Արմավիան» ռուսական ընկերություններին պարտք է մոտ 54 միլիոն ռուբլի
«Արմավիան»` օդից կախ
Յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել. «Արմավիայի» բորտուղեկցորդները նամակ են գրել նախագահին
«Արմավիա». Ինչո՞ւ սնանկացավ, ի՞նչ պետք է անել