Էլեկտրաէներգիան պետք է ոչ թե թանկանա, այլ էժանանա
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտին` «Голос Армении»-ն գրում է, որ հանձնաժողովի ներկայացված փաստարկներն էլեկտրաէներգիայի թանկացման համար ամենևին էլ հիմնավորված չեն: Հայաստանում էլեկտրաէներգիայի մեծ մասը ստացվում է հիդրոէլեկտրակայաններից, ՋԷԿ-երից և ատոմակայանից, ուստի «ՀայՌուսգազարդ»-ի կողմից գազի գների թանկացումը չի կարող պատճառ դառնալ էլեկտրաէներգիայի թանկացման համար: Ավելին` թերթը նշում է, որ էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է Իրանից ներմուծվող գազի և ղարաբաղյան ածուխի հումքով: «ՀայՌուսգազարդ»-ի կողմից մատակարարվող գազով աշխատում է միայն նույն ընկերությանը պատկանող «Հրազդան-5» ՋԷԿ-ը, որն էլ արտադրում է թանկ էլեկտրաէներգիա:
Ըստ «ГА»-ի` խնդիրը նրանում է, որ «Հրազդան-5»-ի արտադրվող թանկ էլեկտրաէներգիան պետք է յուրացվեր արտաքին շուկայում, սակայն հնարավոր է, որ արտաքին շուկայում այդ էլեկտրաէներգիայի յուրացում չի լինում, և այն ստիպված ներմուծում են ներքին շուկա, ինչի արդյունքում էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է էլեկտրաէներգիայի սակագների թանկացում: «Հայաստանում ստեղծված են էլեկտրաէներգիայի արտադրման դիվերսիֆիկացված աղբյուրներ, որոնք աշխատում են տեղական ռեսուրսներով, ուստի, ի գիտություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում ոչ թե պետք է բարձրացվի, այլ իջեցվի, հատկապես, որ դրա հնարավորությունը երկիրն օբյեկտիվորեն ունի»,-գրում է թերթը: