ՕԵԿ անդամ. ՕԵԿ-ը չի կարող դեմ գնալ ՀՀԿ-ին
«Ժամանակի» տեղեկություններով, մինչ ԱԺ մյուս խմբակցությունները պատրաստվում են «դեմ» քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին, ՕԵԿ-ը՝ իր 6 պատգամավորներով «միանշանակ կողմ» է քվեարկելու:
Թեմայի շուրջ թերթը զրուցել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան ինչպես է քվեարկելու ՕԵԿ-ը կառավարության ներկայացրած ծրագրին:
-Ինչպես պետք է քվեարկի, իհարկե՝ կողմ:
-Կառավարության ծրագիրը, սակայն, քննադատության ենթարկվեց ԱԺ-ում, ասվեց, որ այն իրականությունից կտրված, ցանկությունների ծրագիր է: Վարչապետն էլ իր հերթին հայտարարեց, թե մեր երկրի խնդիրները լուծելու համար մենք ընդամենը մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք: Համամի՞տ եք:
- Չէ, մենք կոնկրետ ոլորտներում կոնկրետ փոփոխությունների խնդիր ունենք: Մենք արել ենք մեր առաջարկությունները, վաղը կհնչեն նաև այլ առաջարկություններ:
-Հնարավո՞ր է՝ ՕԵԿ-ը չէր էլ կարող այլ կերպ քվեարկել, դրա համար է կողմ քվեարկում:
-Էստեղ կարողությունների բան չէ: Որովհետև ՕԵԿ-ի նախընտրական ծրագրային դրույթներ կան կառավարության հիմքում դրված: Բացի դա, մենք անելու ենք նաև այլ առաջարկություններ, որոնք պայմանավորվածության արդյունքում կտեսնեք՝ կընդունվեն:
-Տպավորություն այն է, որ ՕԵԿ-ն այսօր չի կարողանում ընդդիմանալ ՀՀԿ-ին, քանի որ կոալիցիայի մեջ է:
-Ինչի՝ ընդդիմանալ: Ընդդիմանալու խնդիր չկա: Ես ասում եմ ՝ մեր ծրագրային դրույթները ներառված են կառավարության ծրագրում: Ինչի մասին ա խոսքը, եթե մեր ծրագիրն էնտեղ կա: Եվ մենք էլ հետամուտ ենք լինելու, որ այն դրույթները, որոնք դրված են ծրագրի հիմքում, իրականություն դառնան: