Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոյի անընդունելիության մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հարց. Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, և որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
Պատասխան. Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման հայտարարությունների անընդհատ հնչեցումը Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղված է հենց ստատուս քվոյի փոփոխությունները կանխելուն: Եթե Ադրբեջանում իրոք ցանկանային ստատուս քվոյի փոփոխություն, ապա համաձայնության կգային Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ և կնպաստեին բանակցային գործընթացի առաջընթացին, այլ ոչ թե կտապալեին այն, ինչպես դա արվեց Կազանում:
Ադրբեջանն ունի միայն մեկ հնարավորություն բավարարելու իր անհագուրդ ձգտումը հասնելու ստատուս քվոյի փոփոխությանը եռանախագահների բանակցային ձևաչափը շրջանցելու միջոցով: Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն:
Ապարդյուն են Ադրբեջանի փորձերը նենգափոխելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության և բանակցային գործընթացի էությունը: Նմանատիպ նենգափոխումները, ինչպես և հայության դեմ թշնամանք սերմանող ռասիստական հայտարարություններն ու գործողությունները միայն մեծացնում են Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվությունը հայերի դեմ ջարդերի և էթնիկ զտումների, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, և դրա հետևանքների` ներառյալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ տարածքների օկուպացման համար: