Դեմկուսի առաջնորդ. Մաքսային միությամբ կլուծվի Ղարաբաղյան հարցը
«Բալանսավորված քաղաքականություն կարելի է ունենալ այն դեպքում, եթե երկիրն իրոք կարող է սեփական քաղաքականություն վարել» , - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ բանախոսի՝ եվրաինտեգրացման գործընթացն այսօր փակում է Հայաստանի մուտքը դեպի Մաքսային միություն:
«Եթե մենք ուզում ենք, որ գազի գինը մնար Ռուսաստանի ներքին գնի համապատասխան, պետք է գնայինք Մաքսային միություն: Քանի որ չունենք ընդհանուր սահման և կա Արցախի Հանրապետության հարցը, մենք պետք է համապատասխան պայմաններ առաջարկեինք: Եթե նրանք ընդունեին, դա կլիներ մեզ համար շատ լավ տարբերակ, և դրանով Արցախը կճանաչվեր որպես Հայաստանի Հանրապետության մաս», -ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն էլ, իր հերթին նշեց, որ Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը չի կարելի դիտարկել որպես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման խոչընդոտ, և որևէ ճնշում եվրոպական կառույցներից կամ Մոսկվայից բացառվում է: