Լավրով. Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանը մտադիր է ապագայում ևս աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով: Այս մասին «Голос России» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամյեդարովի հետ բանակցություններից հետո նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Քննարկել ենք ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը: Մենք հանդիսանում ենք միջազգային երեք միջնորդներից մեկը և մտադիր ենք ապագայում ևս աջակցել կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշել է Ս. Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Լեռնային Ղարաբաղ տեղի կունենա մայիսի 22-ին:
«Վաղը կկայանա համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա:
«Ոչ ոք չի պատրաստվում ձեռքերը վայր դնել, մենք ամեն կերպ կաջակցենք այդ հիմնախնդրի լուծման պայմանների ստեղծմանը՝ չնայած հասկանալի է, որ խնդիրը կարող են լուծել միայն շահագրգիռ կողմերը, իսկ մենք կօժանդակենք դրանում: Չի կարելի հապճեպ գնահատականներ տալ, որ եթե լճացում է, ապա ոչինչ չի կարող ստացվել: Վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձենք փոխզիջում գտնել, որը հիմնված կլինի կողմերի օրինական շահերը հաշվի առնելու վրա»,- հայտարարել է Ս. Լավրովը:
Վերջինս ընդգծել է, որ ինքն ու Է. Մամյեդարովը համակարծիք են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բոլոր հանդիպումները օգտակար են եղել՝ «հստակեցնելու այն մանրուքները, որոնցում թաքնված է սատանան»:
«Հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում և որոնք ընդունվել են 2009 ու 2011թթ.-ին, ոչ մեկի կողմից չի վիճարկվում, սակայն այսօր խնդիրը դրանք կիրառական դաշտ բերելն է»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նախարարը նաև հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ երկու հակամարտող կողմերի համար:
«Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ նրանք մեր հարևաններն են, մեր բարեկամները, իսկ կայունությունն ու խաղաղությունը Կովկասում հանդիսանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա