Արմեն Մովսիսյան. Գազի սակագնի սուբսիդավորման նպատակով կառավարությունը չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-ը
ՀՀ կառավարությունը գազի սակագնի սուբսիդավորման նպատակով չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Սուբսիդավորման համար նման հարց չի քննարկվել: Հիմա կառավարությունը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, քննարկումներ են ընթանում, և այս ամենն ամփոփելուց հետո կհասկանանք, թե ինչ ձևով են այդ խնդիրները լուծվելու, ինչ միջոցներով է սուբսիդավորումը իրականացվելու»,- ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Պետական եկամուտների կոմիտեն հրապարակում տվյալներ, ըստ որի` 1000 խմ ռուսական գազը 2012-ին գնվել է 240 դոլար մաքսային արժեքով, Ա. Մովսիսյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ է բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` մինչև բանակցությունների ավարտը ռուսական գազը Հայաստան առաքվի 180 դոլարով, և այդպես էլ շարունակվում է: «Մինչև բանակցությունների ավարտը գազի գինը Հայաստանի համար կլինի 180 դոլար»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի ճնշման ներքո է հայ-իրանական 40 կմ երկարությամբ գազատարը հաձնվել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, Ա.Մովսիսյանն ասաց, որ նման ճնշում չի եղել: Նրա խոսքերով` գազատարը շահագործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ: Մինչդեռ, ըստ նրա, 40 կմ-ի համար նման ստորաբաժանում ստեղծելն ուղղակի անիմաստ է. «Իսկ գազատարը ոչ թե վաճառել ենք, այլ տվել ենք շահագործման»:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը այլընտրանք չստեղծեց և հիմա Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից, Ա.Մովսիսյանը իր հերթին հարցրեց. «Իսկ այլ տեղից կա՞ նման հնարավորություն»: Լրագրողների դիտարկմանը, թե Իրանից կարելի էր գազ ստանալ, նախարարը նշեց, որ Իրանի գազի գինն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող գինը, հետևաբար այընտրանքային չի կարող այն լինել:
Անդրադառնալով Վրաստանում գազի գնին, որտեղ այն ավելի էժան է, քան առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, Ա.Մովսիսյանը նշեց, որ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, ուստի Վրաստանը դրա համար ստանում է տարանցիկության գումարներ և էժան գազ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները