Ջոն Հեֆֆերն. «Հորդորում ենք, որ գազի գնի վերաբերյալ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկությամբ»
«Գազի գնի հետ կապված բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև են, Միացյալ նահանգներն այս հարցում ներգրավված չեն, սակայն այն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, և մենք հորդորում ենք, որ այդ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Հարցին, թե չի կարծո՞ւմ, որ Ռուսաստանը գազի գնի բարձրացման առումով ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ, Ջոն Հեֆֆերնը նշեց, որ որևէ մեկնաբանություն չունի Ռուսաստանի շարժառիթների հետ կապված, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտ գործընկերներ են:
Ինչ վերաբերում է գազի սուբսիդավորմանը, դեսպանն ասաց, որ այդ որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը` Աժ-ի և Հայաստանի ժողովրդի հետ միասին:
Պատասխանելով հարցին, թե կարծիքներ կան, որ իրանական գազը Հայաստանի վրա ավելի թանկ է արժենում, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշումներով, Ջ.Հեֆֆերնը նշեց. «Այն, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան, դա ճիշտ է: Քանի դեռ Իրանը ցույց չի տվել, որ միջուկային ծրագրերի առումով իր պարտավորությունները հարգում է, չի աշխատում միջուկային զենքի մշակման ուղղությամբ, ապա միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն էական է: Եւ Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հարգում է այդ պատժամիջոցները, և մենք ողջունում ենք Հայաստանի այդ քայլը»: