Ոչխարների սպանդը շարունակվում է. Սիփանում գյուղացին 1.3 մլն դրամի վնաս է կրել
Վերջին երեք օրվա ընթացքում Արագածոտնի ու Լոռու մարզի երեք բնակավայրերում գայլերը հոշոտել են գյուղացիներին պատկանող 51 ոչխար:
Վերջին թարմ դեպքը գրանցվել է այսօր առավոտյան: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, այսօր` ժամը 07. 32-ին Սիփանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար: Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատուն:
Երեկ գայլերը նաև Ստեփանավանում են ոչխար հոշոտել: Այստեղ հոշոտել են քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կ. Ջանախյանին պատկանող 3 գլուխ ոչխար:
Առավել մեծ էր կորուստը Ամրակից գյուղում: Մայիսի 20-ի առավոտյան Լոռու մարզի Ամրակից գյուղից տեղեկություն է ստացվել, որ նույն գյուղի բնակիչ Մ.Ալավերդյանին պատկանող անասնագոմի մոտակայքում գտել են 25 հոշոտված ոչխար:
Սիփան գյուղը բնակեցված է եզդիներով: Գյուղապետ Թենգիզ Մամոյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ոչխարներից 17-ին գայլերը կերել են, իսկ վեցը վիրավոր են, երկար ապրել չեն կարող:
Գյուղացուն հասցված վնասը կազմում է 1 մլն 300 հազար դրամ: Վնասը հաշվարկել են, տեղյակ կպահեն կառավարությանը: Գյուղապետը հիշում է, որ գյուղի ոչխարների վրա գայլերի հարձակման դեպքեր էլի են եղել, սակայն չի հիշում, որ տուժած ընտանիքը աջակցություն ստանա:
«Ոչ մի աջակցություն չեն ստացել»,-ասաց գյուղապետը:
Գայլերի թիվը հանրապետությունում կրճատելու համար կառավարության որոշմամբ տարեկան թույլատրվում է սպանել 200 գայլ, յուրաքանչյուր գայլի համար սպանողը ստանում է 100 հազար դրամ: Նախորդ տարվա թույլտվության ժամկետը լրացել է, իսկ նոր որոշում կառավարությունը դեռ չի կայացրել: Բնապահպանություն նախարարությունից ասում են, որ որոշման ընդունումը օրերի հարց է, շատ չի ուշանա:
ԲՆ տվյալներով, գայլերը հատկապես շատ են Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում: 2011-ին գայլերը հոշոտել են 300-400 ոչխար: