Տ.Վալովայա. Այն, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն սահման չի կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրասիական միության կայացման գործընթացին
Այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն սահման չի կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրասիական միության կայացման գործընթացին: Այս մասին Մոսկվայում գտնվող հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
Որպես օրինակ նա մատնանշեց այն հանգամանքը, որ միջազգային պրակտիկայում համատեղ սահմանի առկայությունը չի կարող պարտադիր նախապայման հանդիսանալ Մաքսային միության գործունեության համար. «Հասկանալի է, որ սա հավելյալ խնդիրներ է առաջացնում և հավելյալ այլ ծախսեր, բայց դա չի կարող հանդիսանալ անհաղթահարելի խոչընդոտ: Իսկ եթե Հայաստանի մոտ ցանկություն լինի դառնալ Մաքսային միության անդամ, ապա հնարավոր է դիտարկել ողջ գործընթացը, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը»,- նշեց նախարարը ու ավելացրեց, որ գործընթացն այն ամենի շուրջ այնքան արագ է զարգանում, որ անգամ «եթե համատեղ սահման էլ չունենանք, Կովկասում էլ տնտեսական իրավիճակն արագ զարգանա, ապա տարածքային հեռավորությունը` ապրանքների տեղափոխման տեսանկյունից, վաղ թե ուշ կլուծվի»:
Բնականաբար, հայկական լրագրողների մոտ հարց ծագեց` իսկ ինչպե՞ս պետք է համատեղ սահման հայտնվի Հայաստանի և ՌԴ-ի միջև: Տիկին Վալովայան ժպտալով պատասխանեց, որ նա, բնական է, բառացիորեն նկատի չուներ և նշեց, որ նկատի ունի երրորդ երկրներից մեկը` Թուրքիա, Իրան և այլն, որոնք մի օր կմիանան Մաքսային միությանը. «Իհարկե կատակում էի... կրկնում եմ` մեզ համար պարտադիր պայման չէ համատեղ սահմանը, բայց եթե ՀՀ կառավարությունը նման որոշում երբևէ կայացնի` մտնել Մաքսային միություն, ապա պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչպես նվազագույնի հասցնենք հարցի ծախսային կողմը: Ամենակարևորն այն է, որ Անդրկովկասում առկա բարդ իրավիճակը բարելավվի և նույն այդ տեղափոխման հարցերը սուր լինելուց սկսեն դասվել արդեն ամենօրյա հարցերի շարքին»,- ընդգծեց Տ.Վալովայան:
Պաշտոնյան մատնանշեց, որ ռուսական կողմը հույս ունի, թե Հայաստանը բացի սպառողական ապրանքների արտահանումից կզարգացնի նաև բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը, առավել ևս, որ կան հայ-ռուսական համատեղ պրոեկտներ այդ ոլորտում: Դե իսկ նման արտադրանքի համար տեղափոխման խնդիրը թերևս ամենահեշտ լուծվողն է. «Այնպես որ սահման չունենալու խնդիրը պետք է քննարկվի, բայց այն խոչընդոտ չէ»,- ավարտեց Տ.Վալովայան:
Նշենք, որ հայ լրագրողները Մոսկվայում են գտնվում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության կազմակերպած այցի շրջանակում: Հայկական ԶԼՄ-ների ղեկավարներն ու առաջատար լրագրողները այցի առաջին օրը այցելեցին «ՌԻԱ Նովոստի» և «ԻՏԱՐ ՏԱՍՍ» պետական գործակալություններ ու հանդիպեցին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայային: