«Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի». Գրիգորիչի ելույթը ծափահարությունների արժանացավ
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ հատվածն է. խորհրդարանական խմբակցություններն արտահայտում են իրենց դիրքորոշումները ծրագրի վերաբերյալ: Մեծամասնություն կազմող խորհրդարանականներն հատկապես իրենց լավ զգացին իրենց առաջնորդ Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ, այն աստիճանի, որ նույնիսկ ծափահարեցին:
Սահակյանի ելույթն ամբողջությամբ ուղղված էր ծրագրի ընդդիմախոսներին և դիմելով նրանց հայտարարեց. «Մենք հենց քառօրյայի սկզբից էլ գիտեինք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու այս ծրագրին: Դեմ եք, քվեարկում, քվեարկեք, բայց գոնե մաղձոտ մի եղեք, թույն եք արտադրում, գոնե մեղվի թույն արտադրեք»:
Այնուհետև շարունակեց արդեն անուններ թվարկելով. «Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց Հանրապետության նախագահին, ասելով` դուք ինչ կլինեիք, եթե նա չլիներ: Հիմա ես ասում եմ` բա հըլը դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ, գոնե ես բոլոր տիպի կապերը լավ տիրապետում եմ: Հետո` իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Մեր Արծվիկն էլ ժողովրդավար, մինչև էս պահը ուրիշները հորդորում էին, որ իշխանությունը թողեք, հիմա խնդրում է, որ թողեք: Իշխանությունը մերը չէ, ժողովրդինն է: Աստված անի, մեզնից հետո դուք գաք, բայց մենք էլի կլինենք, որովհետև իշխանությունը ընդամենը միջոց է նպատակին հասնելու համար և միակ գործոնը չէ: Աշխատեք: Ծրագրի մեջ զետեղված է ձեր ամբողջական, խրոխտ խոսակցությունները, մտքերը, աշխատեք: Զրոյի կարգավիճակով գալ ու զրոյացնել ամբողջ մի իշխանությա՞ն, ամբողջ մի գործընթա՞ց: Էդ որ էդքան խոսում-խոսում եք, հըլը մի հատ տեսեք որտեղի՞ց եք եկել, ո՞ւր եք գնում: Ասում եք աշխատատեղ, դրա համա՞ր էդքան աշխատատեղ վերացրեցիք: Սա կառավարության ծրագիր է, սա քաղաքական ծրագիր»:
Նախորդող հրապարակումներ. Կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Վահան Հովհաննիսյանը կառավարությանը կոչ է արել լուրջ չվերաբերվել Գալուստ Սահակյանի խոսքերին