Կորեական թերթը Հիրոսիմայի ռմբակոծությունը «աստծո պատիժ» է որակել. Տոկիոյի և Սեուլի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել
Հարավկորական «Չունան Իլբո» թերթում հոդված է տպագրվել, որի հեղինակները պնդում են, թե 1945 թ-ին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքաների ատոմային ռմբակոծությններն «աստծո պատիժ» են եղել Ճապոնիայի համար:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Եսիհիդո Սուգան երեկ մամուլի ասուլիսի ժամանակ պարբերականի բնութագրումներն ավանել է «անընդունելի ու անվայել»:
«Կարծում ենք, նմանօրինակ որակումն անվայել է: Մեր երկիրն առաջին է եղել, որը վերապրել է ատոմային ռմբակոծություն: Մեզ համար ատոմային ռմբակոծությունների մասին նմանօրինակ մեկնաբանություններն անընդունելի և անթույլատրելի են: Կարևոր է, որպեսզի Ճապոնիայի և Հարավային Կորեայի ժողովուրդները պահպանեն սառնասրտություն», - հայտարարել է Սուգան:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Սեուլում Ճապոնիայի դեսպանատունը երեկ բողոք է հայտնել Հարավային Կորեային:
«Չունան Իլբո» թերթում հրապարակումն հայտնվել էր երկուշաբթի օրը: Հեղինակները գրում են, թե Հիրոսիմա և Նագասակի քաղաքաների ատոմային ռմբակոծությունները «աստծո պատիժ» են եղել Ճապոնիայի համար, երկրորդ աշխարհամարտի ժամանակ այդ պետության գործողությունների դիմաց: Մասնավորապես, խոսք է գնում, այսպես կոչված, «731ջոկատ»- ի մասին, որտեղ ճապոնացիների կողմից կենսաբանական փորձեր են իրականացվել Չինաստանի և Կորայի ռազմագերիների նկատմամբ:
«Փոքրիկ Տղա» կոդային անվանումով ատոմային ռումբը Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ պայթեցվել էր ճապոնական Հիրոսիմա քաղաքի շրջակայքում 1945 թ օգոստոսի 6-ին: Երեք օր անց` օգոստոսի 9-ին «Գեր Մարդը» կոդային անվանումով ռումբը պայթել էր Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Այս երկու պայթյունների հետևանքով զոհվել են մոտ 200,000 ճապոնացիներ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ։