«Վերաքննիչ դատարանը պատվեր է կատարում». Ասլանյանի ձեռքից խլում են հողակտորը, փաստաբանի համբերության բաժակը լցվել է
Կոտայքի մարզի Արզական համայնքում Ասլանյան եղբայրների երբեմնի փոքրիկ տնամերձին ընտանիքի նախկին անդամ և այժմ ոստիկանության համակարգում աշխատող Անայիկ Մովսիսյանը փորձում է տիրանալ և դրա համար օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: Այսօր այս գործը լրագրողների ուշադրությանը ներկայացնելիս Ասլանյանների փաստաբան Մարատ Կոստանյանն ասաց, որ օրը ցերեկով մարդու ունեցվածքը գողանում են դատական մարմինների ակտիվ աջակցությամբ: Ներկայումս այդ հողակտորի վրա Ասլանյանները ցանկապատերով հանգստյան գոտի են կառուցել, որը հետաքրքրել է Անայիկ Մովսիսյանին, ով Ասլանյաններից Մանվել Ասլանյանի կինն է (Մանվել Ասլանյանը մահացել է -հեղ.) եղել ու այժմ, գյուղից 25 տարի հեռու ապրելուց հետո փորձում է տիրանալ դրան:
Փաստաբան Կոստանյանի խոսքով, հայցվոր, հողակտորին տիրանալ ցանկացող Անայիկ Մովսիսյանը 2010 թվականից դատարանում հայցեր է ներկայացրել` հողակտորի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու համար, սակայն երկու անգամ էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի ճանաչել դրա նկատմամբ նրա իրավունքը և մերժել է հայցը:
«Այդ կինն ունի ոմն սպոնսոր, որը դատարանում մոտեցավ ինձ ու ծանոթացրեց իրեն` ես բժշկագիտության և իրավաբանության դոկտոր եմ, տղաս «ԿԳԲ»-ում է աշխատում, աղջիկս` բժշկականում ամբիոնի վարիչ է: Փաստթղթերում նշվում է նրա անունը` Է. Մակարյան, և նա դատարանում հանդես է գալիս որպես Անայիկի ներկայացուցիչ:
Փաստաբանի հավաստմամբ, վերջինս նրան վախեցնում է, որ մի զանգով կարող է հարցը լուծել, որ պետք չէ նրան կատաղեցնել` «հանձնվեք և վերջ»:
«Գործին մասնակցող դատավորներից առնվազն երեքը ինձ ուղղակի հասկացնել են տվել, որ վերևների մատը խառն է, մեզ ասել են, որ պետք է այդ հարցը հօգուտ Անայիկ Մովսիսյանի լուծենք», -հայտարարեց Կոստանյանը:
Փաստաբանի տեղեկացմամբ, դատարանների հետ ապօրինության գործընթացին միացել է նաև Չարենցավանի կադաստրի ծառայությունը և հաշվի չառնելով, որ դատական գործ է ընթանում, վիճելի հողամասի սեփականության վկայական է տալիս հայցվոր կողմին: Կոստանյանը ցուցադրեց արխիվային տեղեկանքի պատճենը և ասաց. «Եթե դուք այս փաստաթղթում այդ հողամասի վերաբերյալ որևէ տառ, որևէ բառ գտնեք, պատրաստ եմ ամբողջ հասարակության առաջ ներողություն խնդրել: Այդ տեղեկանքում որևէ բառ այդ հողամասի վերաբերյալ չկա»:
Կոտայքի մարզի ընդյհանուր իրավասության դատարանի վճիռը հայցվորները բողոքարկում են Վերաքննիչ, որտեղից հետ է ուղարկվում նոր քննության: Հայցվորները դարձյալ դիմում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և դարձյալ մերժում ստանում: Դարձյալ բողոքով դիմել են Վերաքննիչ դատարան: «Վերաքննիչը ամեն անգամ մի խոչընդոտ վերացնում է նրանց համար, իսկ մեզ համար ստեղծում այդ խոչընդոտը` առաջին անգամ ակնհայտ արդար վճիռը բեկանեց, երկրորդ անգամ բեկանում է լրիվ, իսկ մեր հակընդդեմ հայցը (ձեռքբերման վաղեմության մասին) հիմնովին մերժում է», -հայտարարեց փաստաբանը:
Այնուհետև հայցվորները փոխել են հայցի առարկան` պահանջելով վտարել հողամասից: «Դա դատաքննություն անվանել իմ լեզուն չի պտտվում, աբսուրդի թատրոն էր, երբ գոնե ձևական կողմերը չեն պահպանում», -հայտարարեց փաստաբանը: Այս անգամ էլ հակընդդեմ հայցը, որը ներկայացնում է Կոստանյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի ընդունում վարույթ և նա ստիպված դարձյալ դիմում է Վերաքննիչ քաղաքացիական դատարան: «Կարող եմ ասել, որ Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում կատարել է պատվեր: Ես բողոքը բերել եմ այն սահմաններում, ինչ հակընդդեմ հայցը վերադարձնելու հիմքում է նշված, ինքը լուծում է բոլորովին այլ սահմաններում», -հայտարարեց փաստաբանը:
Վճռաբեկ բողոքով, որը փաստաբանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել մայիսի 4-ին, խնդրում է իր բողոքն ընդունել վարույթ և, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, խնդրում է Վերաքննիչ դատարանի որոշումը տվյալ գործի վերաբերյալ բեկանել ու փոփոխել` կայացնելով սկզբնական հայցային պահանջը մերժելու և հակընդդեմ հայցային պահանջները բավարարելու մասին վերջնական դատական ակտ: