Թուրք լրագրողն անարդար է համարում Նիշանյանի բանտարկումը
Թուրքական «Ռադիքալ»-ի սյունակագիր Էյուփ Ջանը հոդվածի թեմա է դարձրել պոլսահայ գրող, հրապարակախոս, լեզվաբան Սևան Նիշանյանին 13.5 ամիս բանտարկության դատապարտելու հարցը:
Ըստ «Ermenihaber.am»-ի` հոդվածագիրը նշել է, որ ինչպես Նիշանյանի խոսքերը և խոսքի ազատության նկատմամբ իր դիրքորոշումը, այնպես էլ 13.5 ամսվա բանտարկության մասին դատավճիռը խիստ վիճահարույց են:
«Նիշանյանը իր բլոգում ատելություն պարունակող արտահայտության և խոսքի ազատության սահմանները զատորոշելու նպատակով մի հոդված է հրապարակում, որտեղ ատելության արտահայտության համար որպես օրինակ բերվում է «փոքրամասնություն-մեծամասնություն» չափանիշը:
Ֆրանսիայում ֆրանսիացիների նկատմամբ ատելություն պարունակող արտահայտություններ չի կարելի անել, քանի որ նրանք առանց այդ էլ մեծամասնություն են, իսկ Ֆրանսիայում հրեաների և արաբներին վիրավորել կարելի է, քանի որ նրանք փոքրամասնություն են և ատելություն պարունակող հանցանքի հնարավոր թիրախ են:
Նիշանյանը, ի պաշտպանություն այս տեսակետի, գրել է. «Սրանից հարյուրավոր տարիներ առաջ Ալլահի հետ կապ հաստատելու մասին հավաստիացրած և դրանից քաղաքական, տնտեսական օգուտ ապահոված արաբ առաջնորդին ծաղրելն ատելություն պարունակող հանցանք չէ»:
Նիշանյանի տեսակետը հետևյալն է. «Թուրքիայում մեծամասնությունը մուսուլման է, հետևաբար մուսուլմանների մարգարեին ծաղրելը ատելության հանցանք չէ»: Ինչպես Իսրայելում հրեաների դեպքում է:
Սակայն, ըստ Նիշանյանի, եթե մուսուլմանների կամ հրեաներին ծաղրում են մի երկրում, որտեղ նրանք գտնվում են սպառնալիքի տակ, ապա դա արդեն ատելություն պարունակող հանցանք է»:
Հոդվածագիր Էյուփ Ջանը, արձագանքելով Նիշանյանի առաջ քաշած դիտարկմանը, նշել է, որ չի կիսում վերջինիս կարծիքը և համարում է խնդրահարույց, քանի որ արտահայտության կամ էլ գործողության որակը բնակչության քանակի հետ չի փոխվում:
«Քրդերը փոքրամասնություն լինելով հանդերձ, թուրքերին չեն կարող ծաղրել, նույն կերպ նաև թուրքերը: Կամ էլ որպես փոքրամասնություն` կոթոլիկները բողոքականների, մուսումաններն Իսրայելում հրեաների սրբությունների վրա չեն կարող և չպետք է հարձակվեն:
Մուհամմեդ մարգարեի նկատմամբ Նիշանյանի խոսքերը համարում եմ ստորացուցիչ, անարդար և անգամ անխիղճ: Սակայն Նիշանյանին 13.5 ամիս ազատազրկելը չի համապասխանում ՄԻԵԴ-ի որոշմանը»,- եզրափակել է Էյուփ Ջանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին