Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ. Կարկտահարության մասին զավեշտալի քննարկում ԱԺ-ում
Մայիսի 12-ին Արմավիրի մարզի 46 համայնքներին պատուհասած կարկուտի հետևանքով 20-25 մլրդ դրամի վնաս է հասցվել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով, կարկտահարությունների առումով մեր երկիրը ռիսկային է և տարեկան կարկուտից միջինը տուժում է 200 համայնք: Ինչ վերաբերում է խաղողի այգիներին, ապա գյուղնախարարի խոսքով, մայիսյան վերջին կարկուտը հզոր էր ու դրա հետևանքով 100 տոկոսով վնասված խաղողի այգիները դեռ 2 տարի բերք չեն տա: «Թող մարդիկ գնան ամեն օր իրենց այգիներում գործ անեն, աշխատեն, այնպես անեն, որ դրանք աշխատեն: Իսկ հաջորդ տարի խաղողի այգիները կաշխատեն 50 տոկոսով», -հայտարարեց նախարար Սերգո Կարապետյանը:
Հանձնաժողովի կազմակերպած լսումներին ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արմավիրի մարզպետը, ինչպես նաև ընդդիմադիր ու կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Մասնավորապես, Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը իր հերթին տեղեկացրեց, որ ԱԻՆ ենթակայության տակ ներկայումս կա 154 հակակարկտային կայան 4 մարզի 50 համայնքում, որոնք կարողանում են պաշտպանել 13 հազար հա տարածք։
Գյուղատնտեսությունից լավ հասկացող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ԱԻՆ պաշտոնյայից հետաքրքրվեց. «Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ. կարկուտն ի՞նչ իմանա՝ ձեր մարզը որտեղի՞ց է սկսվում ու որտեղ ավարտվում: Ո՞վ է պատասխան տալու այդ կայանների չաշխատելու համար, մենք չէ՞ որ փող ենք վճարում»: Այնուհետև երբ Հովսեփյանը փորձում էր ընդհատել հարցին պատասխանելու համար, Խաչատրյանը նրան դիմելով, ասաց. «Պարոն Հովսեփյան, մի ընդհատեք, երբ ես խոսում եմ, ձեր աչքերից չի երևում, որ դուք հասկացել եք իմ հարցը»:
Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյային հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը. «Դուք որևէ ուսումնասիրություն կատարե՞լ եք՝ մարդկային գործոնը որքանով է ազդել կարկուտի հզորացմանը, քանի որ այդ դեպքում միգուցե քրեական գործ պետք է այս հարցով հարուցել: Ձեր նախարարը կրքոտ ձևով ասում էր, որ հնարավոր է անձրևաբեր ամպը վերածվի կարկուտի: Ես այնպիսի մի շրջանից եմ, որտեղ կարկուտներն հաճախակի են, բայց կես ժամանոց կարկուտ դեռ չէի տեսել»:
Հովսեփյանի պատասխան այսպիսին էր. «Մեր հանրապետության տարածք նա մտել է արդեն որպես խոշոր կարկտային ամպ: Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները