Իշխանությունը գազի գնի թանկացման մասին իմացել է ընտրություններից առաջ ու թաքցրել հասարակությունից. Լևոն Զուրաբյան
«Երեկ մենք սենսացիա ենք բացահայտել. բանն այն է, որ Նազարյանի հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտ, որի փաթեթում կա կցված պայմանագիր, ըստ որի, գազի նոր գնի մասին պայմանագիրը ուժի մեջ է ապրիլի մեկից սկսած», -այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ Զուրաբյանը երեկ երեկոյան մասնակցել է գազի գնի վերաբերյալ խորհրդակցությանը և այնտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից էլ ստացել է այդ տեղեկությունը:
Զուրաբյանի եզրակացությամբ, գազի գնի բարձրացման մասին տեղեկությունը իշխանությունները խնամքով թաքցրել են Երևանի ավագանու ընտրություններից առաջ: «Փաստորեն, ապրիլի մեկին գործում էր նոր գին և կա պաշտոնական պայմանագիր, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մուտքագրված է մայիսի 13-ին: Մեր իշխանությունները ստորագրել են պայմանագիր գազի գնման նոր գնի մասին, բայց դրա մասին տեղյակ չի պահել մեր հասարկությանը: Ակնհայտ է գոնե մեկ բան` այդ ինֆորմացիան հասարակությունից թաքցրել են ապրիլի 1-ից սկսած», -հայտարարեց Զուրաբյանը` նկատելով, որ ընտրություններից առաջ այդ տեղեկությունը թաքցնելը ազդել է ընտրությունների ելքի վրա:
Զուրաբյանը բոլոր հիմքերն ունի պնդելու, որ այդ տեղեկությունը իշխանությունները թաքցրել են նաև նախագահական ընտրություններից առաջ, սակայն դրա վերաբերյալ «շատ լուրջ» փաստեր առաջիկայում իրենք կգտնեն և կներկայացնեն հանրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները