Իրանի դեսպանատան պատասխանը Հեֆֆերնին` Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մասին
Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել Panorama.am-ի` «Ջոն Հեֆֆերն. «Հորդորում ենք, որ գազի գնի վերաբերյալ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկությամբ» հրապարակման վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ ներկայացնում է նկատառումներ Իրանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի խոսքերի մասին:
Իրանի դեսպատան հայտարարությունը վերնագրված է. «Իրական բարեկամը բացահայտվում է դժվար պահերին»:
«Բարիդրացիության, ազգային ու տնտեսական շահերի ապահովման և երկկողմ տնտեսական բազմաբնույթ պայմանագրերի կնքման վրա հիմնված Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել և չեն ենթարկվել տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների ներշնչանքի և հայտարարությունների ազդեցությանը: Ընդ որում, Իրանի` միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իր անվիճելի իրավունքը պնդելու պատրվակով ԱՄՆ և որոշ արևմտյան երկրների անօրինական և միակողմանի պատժամիջոցները երբեք չեն ազդել երկու երկրների պայմանագրերի և պարտավորությունների վրա:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը լարված և դժվարին պահերին Իրանի անշահախնդիր աջակցության ականատեսն են եղել: ԱՄՆ դեսպանը խոստովանելով այդ խնդիրները, իր օրակարգում ներառել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը, մոռանալով, որ երկու բարեկամ ու հարևան երկրների հարաբերությունները չեն ենթարկվի նման ինտերվենցիոնիստական հայտարարությունների ազդեցությանը, և Հայաստանի Հանրապետությունը իր ազգային ու տնտեսական շահերը չի զոհաբերի ԱՄՆ անօրինական քաղաքականությանն ու ճնշումներին, որովհետև ամբողջովին իրազեկ է իր հարևանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթին և բազմիցս կրկնել է իր սկզբունքային դիրքորոշումը:
Քանի որ Իրանի Իսլամական Հանրպետությունը մշտապես եղել է Հայաստանի հարգարժան կառավարության ու ժողովրդի կողքին, պատրաստ է` հաշվի առնելով էներգակիրների գների բարձրացումից բխող դժվարությունները, տնտեսական և հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման միջոցով նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը և էներգետիկ աղբյուրների բազմազանեցմանը: Մեղրի ՀԷԿ-ի նախագծին արագություն հաղորդելով և վերականգնվող մյուս էներգետիկ աղբյուրների ոլորտներում նմանատիպ նախագծեր մշակելով հնարավոր է հասնել դրան: Ուստի, այդ բնագավառում Իրանի գիտական ու գործնական փորձը, ինչպես նաև բնատուր առատ պաշարները (ջրի, քամու և արևի), հնարավոր են դարձնում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը:
Իրանի դեսպանությունը միջուկային ծրագրի առնչությամբ ԱՄՆ անհիմն մեղադրանքները պարզաբանելու, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ իր սկզբունքային քաղաքականությունը ներկայացնելու նպատակով առաջիկայում կհրավիրի մամուլի ասուլիս»,-ասված է Իրանի դեսպանատան հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները