Ն.Զոհրաբյանը` Ս.Ֆրեյզերին. Ցավում եմ, որ զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը
Տալինում ընթացող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթն այսօր սկսել է արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը.
«Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով: Դուք, մեղմ ասած, ճիշտ չեք: Դուք չեք կարող բերել որևէ օրինակ, երբ ՀՀ առաջին դեմքերը օգտագործած լինեն ռազմական հռետորաբանություն, չկա նման բան: Մենք, այո, պատերազմ չենք ուզում, սակայն մեզ պատերազմով վախեցնել հնարավոր չէ »,- քիչ առաջ հայտարարել է Ն.Զոհրաբյանը:
Նա ընդգծել է` «մեկ բան հստակ է` Լեռնային Ղարաբաղը երբեք, որևէ ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ. «Եվ ինչքան շուտ դա հասկանա Ադրբեջանն ու նաև դուք` այստեղ նստածներդ, այնքան մենք շատ ավելի արագ կկարողանանք ունենալ խաղաղ, կայուն զարգացող տարածաշրջան: Սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում ընդունել այդ պարզ ճշմարտությունը, այլև գլխիվայր է շուռ տալիս փաստերն ու իրողությունները և փորձում է վերախմբագրել միջազգային նորմերն ու սեփական հայեցողությամբ վերաշարադրել ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը»:
Ն.Զոհրաբյանը մատնանշել է նաև, որ չնայած համանախագահող երկրների գործադրած ջանքերին, վերջին տարիներին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել ղարաբաղյան խնդրում, քանզի Ադրբեջանը մեկը մյուսի հետևից մերժում էր միջնորդների առաջարկները.
«Ինչպես ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մենք ևս ափսոսում ենք, որ չնայած կոչին, հնչած 2011թ-ին Դովիլում, չնայած կազանյան սամիթից սպասումներին, այդպես էլ որևէ դրական տեղաշարժ չեղավ` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Մեկ բան հստակ է` Ադրբեջանը ցանկանում է դուրս բերել բանակցային գործընթացը Մինսկի խմբի ֆորմատից և տեղափոխել այլ ֆորմատ, ցանկանում է փոխել միջնորդներին: Այդ երկրի համար այլևս սովորական է դարձել ետ կանգնել անգամ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից: Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, որ պետք է մշակվեն հստակ մեխանիզմներ` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քննելու համար, Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ամեն ջանք գործադրեց այդ նախաձեռնությունը տապալելու համար: Ավելին, սպառնաց կիրառել վետո` ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեի նկատմամբ: Ադրբեջանը, հայտնի է, համառորեն հրաժարվում է նաև շփման գծից ետ կանչել դիպուկահարներին»,- թվարկել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը:
Բացի այս, ՀՀ ԱԺ պատգամավորը ընդգծել է` համանախագահողներն իրենց աշխատանքը կառուցում են երկու անչափ կարևոր ուղղություններով` հիմնարար սկզբունքներ և որ նույնպես անչափ կարևոր է վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ: Սակայն նկատել.
«Վստահության մթնոլորտի ձևավորումը ենթադրում է խիստ կոնկրետ քայլեր, ինչի մասին ես խոսեցի: Կոնկրետ քայլեր անելը, ինչը կբերի վստահության մթնոլորտի կառուցմանն ու լարվածության թուլացմանը, Ադրբեջանին ձեռնտու չէ: Ավելին, այդ երկիրը գնում է լարվածության ակնհայտ մեծացման, ուռճացնելով իր ռազմական բյուջեն, առաջին դեմքերի մակարդակով սպառնալով պատերազմով: Եվ եթե Ադրբեջանին թվում է, որ իր սպառնալիքներով որևէ մեկին կարող է վախեցնել, ապա դա իրենց հերթական մոլորությունն է: Ադրբեջանցի զինվորի ոգին մենք բազմիցս ենք տեսել: Հերթական անգամ այդ ոգին ողջ աշխարհը տեսավ Բուդապեշտում, երբ արդբեջանցի սպան գազանաբար կացնահարեց քնած հայ սպային: Ահա սա է իրական ադրբեջանական ոգին:
Բայց չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանն ու քայլերին, Հայաստանը շարունակելու է իր ջանքերն ուղղել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների ու դրույթների վրա»,- շեշտել է Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ ավարտելով ելույթը, պատգամավորը նկատել է` « դուք այստեղ խոսում եք Ղարաբաղի մասին` երբևէ չլինելով այնտեղ: Դուք չգիտեք, թե ինչպես են ապրում Ղարաբաղում մարդիկ, ինչ հոգսեր ու խնդիրներ ունեն: Մի վախեցեք գնալ Ղարաբաղ: Գնացեք ու վստահեցնում եմ, կտեսնեք խաղաղ ապրող ժողովուրդ, որը հետևողականորեն կառուցում է իր ժողովրդավարական ապագան: Կտեսնեք պետություն, ուր բավականին արդյունավետ աշխատում են իշխանության ինստիտուտները և ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանից հետո, առանց որևէ լսումների էլ դուք կհասկանաք, որ Ղարաբաղի անկախությանը չկա ու չի կարող լինել որևէ այլընտրանք»,- հավելել է նա:
Նշենք, Տալինում գումարված ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստի շրջանակում նախատեսված էին լսումներ սառեցված հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Ընդ որում հակամարտությունների վերաբերյալ քննարկումները հենց մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Անդրեաս Հերգելի նախաձեռնությունն են, ով հայտնի է իր ադրբեջանամետ կողմնորոշմամբ:
Նախորդիվ`
Տալինում կայանալիք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի ԼՂ հակամարտությունը