Գալուստ Սահակյանը պետք է Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրելու քաջություն ունենա. Ռուբիկ Հակոբյան
Գալուստ Սահակյանի հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ տղամարդուն ոչ վայել արտահայտություն էր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` մեկնաբանելով Հանրապետական պատգամավորի` Փոստանջյանի հասցեին հնչեցրած հայտարարությունը:
Հիշեցնենք` Գալուստ Սահակյանը մայիսի 23-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձել էր Զարուհի Փոստանջյանի` Աղվան Հովսեփյանի հասցեին հնչեցրած «խարդախ» որակմանը և ասել. «Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»:
«Ես անընդունելի եմ համարում որևէ մեկի կողմից անձնական վիրավորանքը: Անընդունելի եմ համարում նաև մեր խմբակցության անդամներն են իրենց թույլ տալիս նման արտահայտություն: Վերջին ելույթից անմիջապես հետո ես Զարուհուն այդ մասին ասացի: Բայց Գալուստ Սահակյանի հայտարարությունը Զարուհու հասցեին, կարծում եմ գերազանցեց մինչ այդ խորհրդարանում եղած բոլոր դեպքերը: Կարծեմ Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա, Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրելու», -հայտարարեց Հակոբյանը: