Արագածոտնում հակակարկտային կայանների ավելացման խնդիր կա
Արագածոտնի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակացում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, մարզպետը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք:
Զեկուցվել է, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը` այլ հիմունքներով: Նշվել է, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվել են համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաև նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:
Խորհրդակցությանը Կարբի և Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով համայնքների գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաև Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում