Լավրով-Մամեդյարով «հերթապահ» հանդիպումն ու արած հայտարարությունները. մեկնաբանում է ռազմական հոգեբանը
ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը բնորոշեց «հերթապահ», իսկ Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, ըստ նրա, պետք է դիտարկել մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա փաստեց, որ մադրիդյան սկզբունքները դեռևս մակերեսի վրա են:
Հիշեցնենք, որ Լավրովը Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ խոսել էր ԼՂ հակամարտության կարգավորման ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտություն մասին, ինչպես նաև ասել էր, որ առայժմ լուծված չէ, այսպես կոչված ադրբեջանական տարածքների վերադարձման հարցը:
Ռազմական հոգեբանը հիշեցրեց, որ Հայաստանի պաշտոնյաները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ Հայաստանը կստորագրի որևէ փաստաթուղթ այն ժամանակ, եթե պաշտոնական Ստեփանակերտը տա իր համաձայնությունը: Դ. Ջամալյանի դիտարկմամբ, մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից ու համաներումից հետո իրավիճակ է փոխվել ու, ըստ նրա, պետք է բանակցությունները զրոյից սկսել:
Ռազմական հոգեբանի համոզմամբ, Ղարաբաղի ժողովուրդը հենց այնպես տարածքներ, որոնք կենսական անվտանգության երաշխիք են, չի հանձնի Ադրբեջանին, որտեղ հայատյացությունը հասել է իր գագաթնակետին: Ըստ նրա, Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի ԱԳ նախարարը պետք է ավելի զգուշավոր լինի իր հայտարարություններում: