Ռոքֆելերի արխիվային կենտրոնից Հայաստան է բերվել շուրջ 200 արխիվային լուսանկար. Ցուցահանդեսի բացումը՝ այսօր
Այսօր ժամը 16.00-ին առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր արևելքի նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուն:
Նարեկացի արվեստի միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստան է բերվել շուրջ 200 արխիվային լուսանկար, որոնք «Հետքերով որբերի հայոց» խորագրի ներքո միաժամանակ կցուցադրվեն երեք տարբեր վայրերում. մայիսի 25-ին ցուցահանդեսը կբացվի Ազգային պատկերասրահի գրաֆիկական աշխատանքների ցուցասրահում, մայիսի 26-ին` Նարեկացի արվեստի միության Երևանի մասնաճյուղում և մայիսի 27-ին` Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:
Ցուցահանդեսները կուղեկցվեն Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» վավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությամբ:
Ցուցահանդեսի բացման օրերին բանախոսություններով նաև հանդես կգան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հայտնի սկաուտապետ և Ալեքսանդրապոլի որբերի ֆիզիկական դաստիարակության գործում մեծ ներդրում ունեցած Վահե Չերազի դուստր Բյուրակն Չերազ-Անդրեասյանը և պատմաբան Րաֆֆի Պապոյանը, ով հեղինակել է «Ֆիզիկական կուլտուրան Հայաստանում, 1918-23 թթ.» մենագրությունը:
Ցուցահանդեսին ընդառաջ, «Նարեկացի» արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին: Վերատպված լուսանկարներից զատ, գրքում համառոտ, բայց հանգամանալից ներկայացվում է Նպաստամատույց կոմիտեի պատմությունը, ծավալած գործունեության փուլերը, դրամահավաքությանը միտված կոմիտեի ռազմավարությունները, որբերի հետցնցումային ապաքինմանն ու հետագա հասարակական ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունները:
Բացման երեք օրերին էլ կատարումներով հանդես կգա «Նարեկացի» ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան): Կցուցադրվի նաև Զարեհ Ճգնաւորեանի «Որ չկորչեն անհետ» («Lest They Perish») վավերագրական կինոնկարը:
Ցուցահանդեսի փակումից հետո վերատպված լուսանկարները կհամալրեն «Նարեկացի» տեսողական արվեստների մշտական հավաքածուն, իսկ Գյումրիի ցուցադրանմուշները կնվիրվեն «Թռչունյան տուն» մանկատանը:
Նախորդող նորություն՝ «Հետքերով որբերի հայոց». Հայաստանում են Ռոքֆելերի արխիվները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում