Փաստաբանները պատրաստվում են նախազգուշական գործադուլի
Փաստաբանները պատրաստվում են հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ անել: «Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ նրանք անցյալ տարի՝ այդ օրը, նույնպես գործադուլ արեցին: Գործադուլի պատճառը Վճռաբեկ դատարանի անկանխատեսելի գործունեություն է. պարզ չէ, թե ինչու են կայացվել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ չընդունելու, մերժելու որոշումները:
«Որտեղ կա անկանխատեսելիություն, ստվեր, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Եվ հիմա դատական համակարգում ոչ մի դրական տեղաշարժ չկա, ոչ մի փոփոխություն: Նպատակը մեկն է՝ հանրությանը և իշխանություններին ցույց տալ, որ դատական համակարգում լուրջ խնդիր կա»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է փաստաբան Հայկ Ալումյանը: Փաստաբանը նշել է, որ գործադուլի նախաձեռնողները գրեթե 50 հոգի են, որոնց առայժմ միացել է ևս 20 փաստաբան: