Մեկ օրվա ընթացքում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի 89 թանգարաններն ընդունել են 169 հազար 614 այցելու
Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների և «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում Հայաստանի և Արցախի 89 թանգարաններ են այցելել 169 հազար 614 մարդ: Նախորդ տարվա համամետ ավելացել է 34 հազար 614–ով: Այս տվյալները Panorama.am-ին փոխանցեց մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ը որպես Թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Նպատակն է` բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Նախորդ տարի Թանգարանների միջազգային օրը նշել են 129 երկրների 32000 թանգարաններ: 2013 թ. Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ. Հիշողություն + Ստեղծագործականություն = Հասարակական փոփոխություն խորագրի ներքո: Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը համընկնել էին:
Մայիսի 22-23-ը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում առաջին անգամ անցկացվել է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով երիտասարդ թանգարանագետների գիտաժողովը, որտեղ զեկույցներով հանդես են եկել ՀՀ և ԼՂՀ թանգարանների 20 մասնակիցներ: Գիտաժողովի շրջանակում տեղի են ունեցել երիտասարդ թանգարանագետների և թանգարանագիտության ոլորտում արդեն իսկ մեծ ներդրում ունեցող մասնագետների հանդիպումներ, փորձի փոխանակումներ, ձեռք են բերվել թեմատիկ սեմինարներ անցկացնելու պայմանավորվածություններ: Գիտաժողովը կրելու է շարունակական բնույթ: Զեկուցումների սեղմագրերը կհրատարակվեն Էլեկտրոնային տարբերակով: