ԱԳՆ. ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկվելու են կենտրոնասիական խնդիրներ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Բիշքեկում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում դաշինքի անդամ երկրները քննարկելու են Կենտրոնական Ասիային առնչվող խնդիրներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես հայտնի է, վաղը` մայիսի 28-ին, Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու: Այս առիթով տարատեսակ կարծիքների առնչությամբ Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ -ից: Հիշեցնենք, որ ԱԳ նախարարն այս պահին գտնվում է Բիշքեկում և այսօր մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Ի պատասխան մեր հարցի, արտգործնախարարի մամլո խոսնակը նշեց. «Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր և ակտիվ անդամ է և միշտ իր մասնացությունն է բերում կազմակեպության բոլոր միջոցառումներին։ Այս անգամ ևս արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցեցին մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին հանդիպումներին և ապա նաև` համատեղ նիստին։
Մայիսի 28-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը ինչպես նշված է ՀԱՊԿ կայքում, նվիրված է կենտրոնասիական խնդիրների քննարկմանը։
Հայաստանի Նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը և այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ պետության ղեկավարի մասնակցությամբ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտգործնախարարից բացի, Բիշքեկում են գտնվում նաև Սեյրան Օհանյանն ու Արթուր Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է նախագահների մակարդակով հանդիպմանը, ապա ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքի ` այն կրում է «ՀԱՊԿ Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների գագաթաժողով» անունը, որին մասնակցում են միայն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները: Վերջիններս, ըստ հաղորդագրության, քննարկելու են Աֆղանստանի տարածքից արևմտյան ուժերի դուրս գալուց հետո ենթադրվող մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերը:
Այս քննարկումներին չեն մասնակցում ՀԱՊԿ եվրոպական անդամները` Հայաստանն ու Բելառուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան