Տաջիկստանում թույլ են տվել դիտել երգող ու պարող նախագահին
Տաջիկստանի կառավարության կապի ծառայությունը հանել է «YouTube» տեսահոսթինգի վրա դրված սահմանափակումները և այժմ երկրի բնակչությունն հնարավորություն ունի անարգելք մուտք գործել կայք: Այս մասին «Իտար-Տասս» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է երկրի ինտերնետ պրովայդերների միության ղեկավար Ասոմիդդին Ատոևը:
Վերջինս հայտարարել է, թե կառավարության վերոնշյալ ծառայությունը հաճախակի է արգելափակում տեսահոսթինգը և երբևէ չի մեկնաբանում պատճառները:
Հիշեցնենք, շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Տաջիկստանի ինտերնետ պրովայդերները գրավոր հանձնարարություն են ստացել երկրի կառավարությունից «YouTube» տեսահոսթինգն արգելափակելու վերաբերյալ: Պատճառը, ինչպես տեղեկացրել էին ռուսական լրատվամիջոցները, մեկ շաբաթ առաջ К+ հեռուստաալիքի տարածած Տաջիկստանի նախագահի ավագ որդու` Ռուստամ Էմոմալիի հարսանեկան արարողության տեսագրությունն է:
Համացանցում, մասնավորապես, տարածվել էին արարողությունից մի քանի տեսագրություններ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մասնակցությամբ, որտեղ վերջինս մեկ անկաշկանդ պարում է, մեկ երգում:
Նախորդիվ` Էմոմալի Ռահմոնի երգն ու պարը զրկել է Տաջիկստանի բնակչությանը «Youtube»-ից (Տեսանյութ)