Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ
Ադրբեջանի նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Ադրբեջանահայերի ասոցիացիայի նախագահ Գրիգորի Այվազյանն ակնկալում է ստանալ ձայների 60 տոկոսից ոչ պակաս և կմնա ընտրապայքարում նույնիսկ այն դեպքում, եթե մրցապայքարից հրաժարվեն այլ թեկնածուները: Այս մասին նա հայտնեց ասուլիսի ժամանակ` հավելելով, որ այժմ սպասում է իր առաջադրվելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հաստատական գնահատականին: Նրա խոսքով՝ այն, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ստացվել է առաջադրվելու մասին դրական արձագանք, դեռ բավարար չէ:
«Մենք հուսովենք, որ կլինի գրավոր պատասխան: Բայց ես ասում եմ՝ ճշմարտության և արդարության համար պատրաստ եմ հենց այսօր էլ մեկնել՝ հասկանալով, որ վտանգում եմ իմ կյանքը: Մենք ունենք հենակետեր Բաքվում, որոնք կարող են դառնալ մեր շտաբերը: Իսկ եթե նրանք մերժեն, ապա կրկին անգամ ցույց կտան իրենց հայատյացությունը, իրենց «մարդասիրական» հայտարարությունների սին լինելը», - ասաց նա` նշելով, որ պատսրատ է Ադրբեջանում նույնիսկ քարոզարշավ իրականացնել:
«Մեզ համար միակ մրցակիցն Ալիևյան վարչակազմն է, ավելի ճիշտ՝ մենք ենք իրենց գլխավոր մրցակիցը», - ընդգծեց նա և շեշտեց, որ պայքարելու է մինչև հաղթական ավարտ:
Ըստ բանախոսի՝ հաղթանակ կարող է համարվել նույնիսկ միայն մասնակցությունը, քանի որ դրանով կբարձրաձայնվի ադրբեջանահայերի իրավունքների մասին:
«Անհրաժեշտ է վերադարձնել ադրբեջանահայերի իրավասությունը, փոխհատուցել նրանց զրկանքները, որոնց համար պատասխանատու է Ադրբեջանը: Հարկ է վերադարձնել հայության իսկական իրավունքները՝ թե իրավական և թե տնտեսական. մենք պահանջատեր ենք», - ասաց նա:
Գ.Այվազյանը շեշտեց, որ իր մրցապայքարի հիմնաքարը կլինի ադրբեջանահայերի վերադարձը, Ադրբեջանի` որպես հայ-մուսուլմանական համադաշնային պետականության վերականգնվելը, բոլոր բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը և ազատության տրամադրումը:
Բանախոսը շեշտեց, որ իր մասնակցությունը ՀՀ նախագահի նստավայրից կամ որևէ պետական կառույցից չի ուղղորդվում, իսկ մրցապայքարին նա պատրաստ է մասնակցել անձամբ՝ նույնիսկ միայնակ մեկնելով Բաքու: Բացի այդ, ըստ Գ.Այվազյանի՝ իր հետ պատրաստ են մեկնել նաև հայ լրագրողներ, բայց պետք է միայն անվտանգության պաշտոնական երաշխիք: «Մենք չպետք է նրանցից վախենանք, նրանք պետք է վախենան», - եզրափակեց նա: