«Faktxeber.com». Չեչնիայի նախագահը 1.5 միլիարդ դոլարի դիմաց պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Մոսկվայի և Բաքվի համար
Ադրբեջանի իշխանությունները բանակցություններ են վարում Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հետ, ով համաձայնվել է որոշակի գումարի դիմաց օգնել կարգավորել հարաբերությունները պաշտոնական Բաքվի և Կրեմլի միջև: Այս մասին գրում է «Faktxeber.com» կայքը՝ հղում անելով «Ենի Մուսավաթ» թերթին:
Ինչպես հայտնում է կայքը, Չեչնիայի նախագահը իր այդ «միջնորդության» համար 1.5 միլիարդ դոլար գումար է պահանջել: Քադիրովի խոսքերով՝ եթե Ադրբեջանի իշխանությունն իրեն լավ «հոնորար» վճարի, ապա, օգտագործելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, խնդիրը միանգամից կլուծի: Նա նաև նշել է, որ իր առաջարկած գումարը «մանրուք» է Ռուսաստանի՝ Ադրբեջանի իշխանությունից պահանջած 40 մլրդ դոլար (որոշ տվյալներով` 20 մլրդ դոլար) տուրքի դիմաց:
Թեմայի վերաբերյալ կայքի հետ զրույցում քաղաքագետ Էլխան Մեհդիևը հայտնել է, որ նախկին խորհրդային տարածքում, հատկապես, Ադրբեջանում, ամեն բան գումարով է լուծվում: Նա նշել է, որ ժամանակին նաև կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովն է հայտարարել, որ Ադրբեջանից Ռուսաստան ճամպրուկներով գումար է փոխադրվել. «Մինչ օրս Ադրբեջանում ցանկացած գործ գումարի միջոցով կյանքի կոչվելու մասին խոսակցությունները համոզիչ են, սակայն, դժվար է ասել, թե դրանք ինչ չափի գումարներ են և ում միջոցով են արվել», -ասել է նա:
Փորձագետի խոսքերով` Ռուսաստանում հատուկ ազդեցիկ մարդիկ կան, որոնք ունեն կապեր Պուտինի և Մեդվեդևի հետ: «Երկու երկրների միջև խնդիրները լուծելու համար օգտվում են այդ ազդեցիկ մարդկանցից: Իլհամ Ալիևի նկատմամբ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը բավականին սառն է: Նա բոլորովին չի ցանկանում հանդիպել Ալիևի հետ: Այդ տեսակետից` Ադրբեջանի իշխանությունները մնացել են անելանելի վիճակում: Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը համաձայն է ամեն բան անել, որպեսզի հզոր ուժերը Իլհամ Ալիևի նախագահելու հետ կապված չեզոք դիրքորոշում ցուցադրեն», -ասել է Մեհդիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու