Արտագաղթ. չհաղթահարված չիմացություն
Արտագաղթը եղել և մնում է Հայաստանի վերջին շուրջ 25 տարվա ամենացավոտ խնդիրներից մեկը, որի վրա ազդելու մեխանիզմներ այդպես էլ, կարծես թե, չեն ստեղծվել: Փոխարենը ձևավորվել են արտագաղթի որպես «ազգային աղետի» կամ «սպիտակ ցեղասպանության» մասին պատկերացումներ, որոնք սակայն այնքան հեռու են տրամաբանված լինելուց, որ արժանի չեն ուշադրության: Փոխարենը հարկ է ուշադրություն դարձնել ժամանակակից արտագաղթի որոշ առանձնահատկությունների վրա, որոնց իմացություն թեպետ չի կարող ազդել արտագաղթի տեմպերի վրա, սակայն որոշակի պարզություն մտցնել գործընթացի իմաստավորման մեջ միանգամայն կարող է:
Նախևառաջ պետք է փաստել, որ գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ գաղթողների քանակի վերաբերյալ չկան հստակ թվեր, քանի որ հաշվառվում են միայն սահմանը երկու ուղղությամբ հատող մարդիկ, իսկ թե նրանցից քանիսն են գնում մշտական բնակության
/արտագաղթում են/, և քանիսն են վերադառնում՝ հայտնի չէ: Այլ կերպ ասած՝ Հայաստանում չկան միգրանտների նույնականացման մեխանիզմներ /հաշվառվում են միայն գնացողներն ու եկողները, իսկ թե նրանք նույն մարդիկ են, թե ոչ՝ հայտնի չէ/: Բացի դրանից, արտագաղթի ռիսկերը գնահատելու համար պետք է հաշվառել նաև գաղթողների մասնագիտական և այլ /ֆինանսա-տնտեսական, մշակութային, սոցիալական/ ակտիվությունը, ինչը մեր պարագայում կրկին չի իրականացվում:
Ընդունված է կարծել, որ Հայաստանից այլ երկրներ մշտական բնակության մեկնելու հիմնական պատճառը /գոնե վերջին մի քանի տարվա կտրվածքով/ աշխատանքի բացակայությունն է կամ աշխատավարձի ոչ բավարար չափը: Բայց փողն ինքնին նպատակ չէ, այլ ընդամենը միջոցներից մեկը՝ բարեկեցության համար: Ըստ այդմ՝ արտագաղթի հիմնական պատճառը Հայաստանում բնակչության ինչ-որ չափի համար «նվազագույն բարեկեցության» ապահովման հնարավորության բացակայությունն է: Բայց այդ բարեկեցությունը չի չափվում միայն եկամտով. բարեկեցության մասին պատկերացումներում իրենց տեղ ունեն նաև սոցիալական արդարության, արժեքների, աշխատանքի և հանգստի, հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակի, իրավունքների պաշտպանության, ազատ ձեռներացության մասին և այլ պատկերացումներ: Դրանց համադրությունը կազմում է արտագաղթի որոշիչ պատճառը, որը անվանվում է վանող և/կամ գրավող երևույթ:
Ըստ այդմ, հատուկ ուսումնասիրության է արժանի այն հանգամանքը, թե Հայաստանից արտագաղթողների դեպքում որ պատճառներն են գլխավոր՝ Հայաստանից վանո՞ղ, թե այլ երկրներում՝ գրավող:
Հեղինակ` Մ. Դեմիրճյան
Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները