«Բանկերը օրինակ են բերում, թե վարկերի պահանջարկ կա, բայց չի կարելի չէ…բա որ բանկերը հաց թխեի՞ն». Ա.Պետրոսյան (Տեսանյութ)
Արդյոք ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվել է «Բնական աղետներից տուժված գյուղացիներին օգնության հիմնադրամը», որի ողջ հասույթը կուղղվի մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած շուրջ 12 հազար ընտանիքներին, մտավախություն չունի, որ կառավարությունն իր այս նախաձեռնությունը կարող է նախադեպ համարել հետագայի համար: Առավել ևս, որ Կենտրոնական բանկի նախագահը արդեն իսկ հայտարարել է, որ գյուղացիական վարկերի սառեցման գործընթացը, անգամ նման բարդ իրավիճակում, չի խրախուսվում: Նախադեպ կլինի թե ոչ Ա.Պետրոսյանը չհստակեցրեց` նշելով, որ իրավիճակը իրականում շատ բարդ է ու թեև Հայաստանում կարկուտը եզակի երևույթ չէ, այդուհանդերձ նման ուժգնության կարկուտ մեր երկրում վերջին անգամ թերևս եղել էր մեկ դար, իսկ գուցե նաև դրանից էլ ավելի ժամանակ առաջ: Բայց միայն կարկուտը չէ խնդիրների առաջ կանգնացրել գրեթե ամբողջ մարզի բնակիչներին:
Ա.Պետրոսյանի խոսքով, վերջին օրերի զարգացումներից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե գյուղացիական վարկերը սառեցվում են, մինչդեռ վարկերը ամենևին էլ չեն սառեցվել, պարզապես վարկի և վարկերի վճարման ժամկետներն են երկարաձգվել… ամեն դեպքում պատգամավորը հույս ունի, որ բանկերը հենց այդպես էլ կվարվեն: Սակայն ամենամեծ խնդիրը բանկերի վարած քաղաքականությունն է, որ գյուղացուն այսօրվա օրով բերել հասցրել է «կոտրած տաշտակի» առջև.
«Խնդիրը նրանում է, որ Հայաստանը մինչ օրս չունի «Գյուղատնտեսության մասին» օրենք, սա իսկապես լուրջ խնդիր է: Իսկ այսօր տուժված համայնքների վարկային փաթեթը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ, տոկոսադրույքը կազմում է 24 տոկոս: 24 տոկոսով գյուղացուն վարկ տալը նշանակում է, որ գյուղացին դրանից որևէ օգուտ չունի, իսկ բանկերի արդարացումները…. Երբ երեխան սոված է, ոչ մի գյուղացի էլ չի նայի վարկը 24 տոկոս է, թե 30, նա անպայման մի բան կանի, քանի որ ուրիշ ճար չունի, որպեսզի երեխային կերակրի»,- ընդգծեց Ա.Պետրոսյանն ու հավելեց, որ նույն տրամաբանությամբ, եթե բանկիրները հաց թխեին, ապա կարող էին հացը վաճառել 1000 դոլարով կամ ցանկացած այլ գնով` պահանջարկ կա:
«Բանկերը նման օրինակ են բերում` պահանջարկ կա: Չի կարելի չէ, ի՞նչ է նշանակում պահանջարկ կա: Եթե այդպես մտածենք, ապա դեղորայքի գինն էլ կարող է բարձր լինել, միևնույն է պահանջարկ կա… Մարդուն տարբերակ են առաջարկում, երբ նա չի կարող այդ վարկը չվերցնել: Բանկերի այդ բարձր տոկոսներն են պատճառ հանդիսացել, որ գյուղացիներն այսօր որևէ խնայողություն չունեն, որ նման աղետների դեպքում ինչ-որ միջոցներ օգտագործեն ընտանիքների գոյությունը պահելու համար»,-վրդովված թվարկեց բանախոսը` շեշտելով, որ անընդունելի է համարում, որ ՀՀ-ում նման տոկոսադրույք գոյություն ունի: Պատգամավորի համոզմամբ` առավելագույնը գյուղացուն վարկերը պետք է տրվեն 6-10 տոկոսով, ոչ ավելի:
Նրա խոսքով, տուժել են ոչ միայն այն մարդիկ, ովքեր վարկեր ունեն, այլև նրանք, ովքեր չունեն, և իրենց խնդիրն էլ բաց է մնացել ու հայտնի չէ, թե ի՞նչ կարգի օգնություն են ստանալու նրանք պետությունից: Այդ իսկ պատճառով, հիշեցրեց պատգամավորը, ինքը գյուղնախարարին առաջարկել է, որպեսզի գյուղացիներին գումար հատկացվի.
«Կարծում եմ ճիշտ է, որ այն գումարը, որ պետության կողմից տրվելու է, ասենք, սերմացու կամ դիզվառելիք ձեռք բերելու համար, տրվի անմիջապես գյուղացիներին` թող ինքը որոշի ինչ անի այդ գումարով: Դա իմ կարծիքով ավելի արդարացված է»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրեն գոհացնում է Գյուղատնտեսության նախարարության գործունեությունը, որից այդքան դժգոհ են նախևառաջ գյուղացիները, Ա.Պետրոսյանը կրկին վերադարձավ իր կողմից մատնանշված ամենագլխավոր խնդրին` ՀՀ-ում չկա «Գյուղատնտեսության մասին» օրենք, այդ իսկ պատճառով հնարավոր չէ գերատեսչության աշխատանքը գնահատել, եթե չկա այդ օրենքը.
«Մենք չգիտենք, թե նախարարությունը որտեղ է այդ օրենքը շրջանցում, որտեղ է խախտում: Չկա այդ օրենքը: Այո, գյուղացիները շատ ու շատ վրդովվելու առիթներ ունեն, բայց այս պահին, այն ինչ կատարվել է, ոչ մեկի մեղավորությամբ չէ` բնական աղետ է: Իսկ ահա այդ օրենքն ընդունելուց հետո Հայաստանը պետք է պատրաստ լինի բնական աղետներին, նաև հստակ կլինի, թե դրանց դեպքում գյուղացուն ինչ օգնություն է հատկացվելու և վերջինը` ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն այդ աղետները կանխարգելելու համար: Երբ այս բոլորը լինի օրենքի մեջ, մենք ռեալ կկարողանանք գնահատել գյուղնախարարության լավ կամ վատ աշխատանքը»,- նշեց նա ու հավելեց, որ արդեն աշնանային նստաշրջանում օրենքի նախագիծը կդրվի քննարկման` օրենսդրական այդ բացը լրացնելու համար:
ՀՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց նաև, որ մեկ խորհրդարանական լսումներով գործը չի ավարտվի, քանի որ չեն հստակեցվել այն բոլոր միջոցառումները, որոնք կառավարությունը պետք է անի այս խնդրի կոնտեքստում: Այնպես որ առաջիկայում նույն ֆորմատով լսումներ նորից կլինեն:
Հիշեցնենք, «Բնական աղետներից տուժված գյուղացիներին օգնության» հիմնադրամի տնօրենն է Մակար Պետրոսյանը, հաշվեհամարները` «Կոնվերսբանկ»-ում.
հ/հ 1930047127690100 ՀՀ դրամ
հ/հ 1930047127690101 ԱՄՆ դոլար
հ/հ 1930047127690104 ԵՎՐՈ
Նախորդիվ`
Ա.Պետրոսյանի հորդորը բոլորին` օգնենք կարկտահարությունից տուժած գյուղացիներին. ստեղծվել է հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա