ՀԱԿ խմբակցության պատգամավորը պաշտպանում է ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը պաշտպանում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանին, որի դեմ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը ԱԺ Էթիկայի հանձնաժողովին դիմում է ներկայացրել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավորը:
«Ես հանդես եմ եկել ի պաշտպանություն Նաիրա Կարապետյանի` ասելով, որ նախ և առաջ դա հրապարակային խոսակցություն չի եղել և չկա, որևէ փաստ, որ Նաիրա Կարապետյանը իրեն նման արտահայտություններ է թույլ տվել: Ես իմ պաշտպանությունը կառուցել եմ հետևյալ տրամաբանության վրա` եթե Գալուստ Սահակյանը ի լուր աշխարհի խորհրդարանում կարող է վիրավորել կին պատգամավորին և նրա հարցը չի մտնելու Էթիկայի հանձնաժողով, հետևաբար մնացած բոլոր պատգամավորների հարցը, կարծում եմ, անիմաստ է մտցնել: Առավել ևս եթե խոսքը վերաբերում է կնոջը: Ինձ համար նշանակություն չունի, թե կինը որ խմբակցությունն է ներկայացնում, ես ինքս ոչ մի վատ բան չեմ տեսել Նաիրա Կարապետյանից: Ես լրջագույն էթիկայի խախտում եմ համարում հայ կնոջ վարքագիծը քննարկել Էթիկայի հանձնաժողովում, առավել ևս եթե դա հրապարակային չի եղել», -հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից և դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Նրա ներկայացմամբ, ինքն իր նամակում գրել էր հետևյալը.
«Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:
Նաիրա Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը բավական հանգիստ է խոսել տնօրենի հետ և ասել էր, որ միջնորդելու է, որպեսզի Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվեն դռնբաց:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը օրերս վարույթ էր ընդունել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումը և դրա քննությունը համարել սկսված: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց մանրամասները. Չէի ցանկանա Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել
Նաիրա Կարապետյանը կմիջնորդի, որ Էթիկայի հանձնաժողովն իր հարցը քննի դռնբաց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա