Պոլսահայ մտավորականին սպառնում են Դինքի պես սպանել
Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, հրապարակախոս, Սևան Նիշանյանի նկատմամբ սպառնալիքներ են տարածվել համացանցում: Ըստ «Ermenihaber.am» լրատվակա կայքի` «Twitter» միկրոբլոգում Ֆուրքան Ջոշքուներ անունով օգտատերը հետևյալ գրառումն է արել. «Սևան Նիշանյան «Ակոս» թերթի շենքի դիմաց ճակատից խփված քո էլ ընկնելու ժամանակը մոտ է: Խելացի եղի´ր»:
Նույն օգտատերի մեկ այլ թվիթը նույնպես ուշագրավ է. «Ակոս» թերթում բոլոր գրողներն են անբարոյականի զավակ, կրոնի թշնամի: Այո´: Մեկը` Հրանտ Դինքը, ոչնչացվեց, հիմա էլ Սևան Նիշանյանի հերթն է»:
Հիշեցնենք, որ Նիշանյանն իր բլոգում հրապարակած հայտնի հոդվածում Մուհամմեդ մարգարեյին վիրավորելու մեղադրանքով թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 13.5 ամսվա ազատազրկման: