70-ամյա կնոջը հոգեբուժարան տեղափոխելը օրինական է եղել. Ոստիկանապետը` «Իդեալի» դեմ բողոքող կնոջ մասին
Հոգեբուժարան տեղափոխված 70-ամյա Ամալյա Նազարեթյանի հարցը անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրության կենտրոնում է և ամեն ինչ իր հսկողության տակ է պահվում: Այս մասին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման կապակցությամբ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխանցում է «Haynews»-ը:
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» անդրադարձել էր այս թեմային ու գրել, որ արդեն մոտ 10 օր է` Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: «ՀԺ»-ն ահազանգ է ստացել շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարևանուհուն՝ ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր և օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին և երկրորդ հարկերի միջև:
Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ՝ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: և ահա, օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան: Դա տեղի է ունեցել մեկ հոգեբույժի և չորս ոստիկանի մասնակցությամբ: Թերթը նշել էր, որ խանութը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ է կապվում:
Այսօր ոստիկանապետը լրագրողներին ասել է, որ Ամալյա Նազարեթյանը Ավանի հոգեբուժարան է տեղափոխվել բժիշկների միջնորդությամբ:
Հարցին` իրականում «Իդեալ» խանութի հե՞տ էին խնդիրներ առաջացել, թե՞… Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Գիտեք՝ ինչ կա. երբ ես կարծում եմ կամ ինձ թվում է՝ ես խաչակնքվում եմ: Այս պարագայում իմ կողմից` որպես ոստիկանապետի, կարծիքներ հայտնելը կամ ենթադրություններ անելը ոչ պրոֆեսիոնալ կլինի»:
Դիտարկմանը` ասում են, թե որոշ ոստիկաններ ներգրավված են այս գործում, ոստիկանապետը բացառեց` նշելով, որ ոստիկանները ներգրավված լինել չեն կարող, եթե դատարանի որոշում չկա: Իսկ եթե դատարանի որոշում կա, ապա ոստիկաններն ընդամենը կատարում են իրենց ծառայողական պարտականությունները. «Ի սկզբանե ասում եմ՝ ոստիկանական ոչինչ այդտեղ չկար, որովհետև արդեն ուսումնասիրություններ ունենք ու հասկանում ենք՝ ինչն ինչումն է: Պարզապես, ներկա պահին չենք կարող տիկնոջ հետ խոսել, հիվանդանոց գնալ, ոչ աշխատանքային օրեր են, կարծում եմ՝ վաղն ավելի առարկայական կխոսենք` փաստաթղթերով ու այն երևույթներով, ինչ-որ կա, ամեն ինչ օրինական է, ոնց որ: Նման ոստիկանության պարագայում այս երկրում չի կարող ինչ-որ մեկը լծակ ունենալ»:
Լրագրողը հետաքրքրվել է` ամեն դեպքում հնարավո՞ր է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը պաշտոնանկությունից հետո համակարգում դեռ որոշակի լծակներ պահպանում է, ինչին ոստիկանապետը պատասխանել է. «Անհամեստ լինեմ և ասեմ` իմ պայմաններում նման լծակներ չեն աշխատում: Բացառում եմ՝ էն էլ ոնց»:
Նազարյանին վերաբերող հաջորդ հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հորդորել է հանգիստ թողնել այդ «տղային», որպեսզի մի քիչ հանգստանա. «Դուք չեք հոգնե՞լ: Թողեք այդ տղային հանգիստ: Տասը տարի աշխատել է, թող մի քիչ հանգստանա: Ես անկանխատեսելի անձնավորություն եմ, բայց՝ արդար»: