95 տարի առաջ… Հայաստանի Առաջին Հանրապետություն
95 տարի առաջ հենց այս օրը հայ ժողովուրդը 543 տարի դադարից հետո կրկին վերականգնեց իր պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հազար:
Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր անկախությունը:
1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը: Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները:
1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների, ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:
Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:
Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:
Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական):
Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ: Երկիրի վիճակը բարելավելու համար արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ, սփյուռքահայ մի շարք բարեգործ մեծահարուստներ միջոցներ են հատկացրել և կտակներ փոխադրել Հայաստան:
Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը: Հիմնադրվել է Հնությունների պահպանման պետական կոմիտե, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն:
ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: Ճնշվել է թուրք-թաթարական խռովությունը Զանգիբասարում (հետագայում՝ Մասիսի շրջան), Բեյուք-Վեդիում (Արարատի շրջան, երկուսն էլ այժմ ՀՀ Արարատի մարզում են) և այլ վայրերում:
ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվել է 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվել է նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվել է օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվել է ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել:
1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:
Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը (52 դեմ, 23 կողմ) մերժել է:
1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ոչ Սևրի պայմանագիրը, ոչ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Կառավարությունը փորձել է Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա: Սակայն քեմալականներն ու Խորհրդային Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտել են հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը:
1920 թ. մայիսին Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջևան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:
1920 թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության՝ այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր:
1920 թ. սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի վրա: Հետագայում թուրքական կառավարությունը պատերազմի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանը ներկայացրել է որպես նախահարձակ:
Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով:
Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունել է թուրքերի առաջարկած զինադադարը: 1920 թ. նոյեմբերի 24-ին կազմվել է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտել է Իջևան և երկրում հայտարարել խորհրդային իշխանություն:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևել է ընդամենը երկուսուկես տարի: ՀՀ-ն գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները