Դեսպանը խոստացավ, որ բնապահպանների մտահոգությունները կփոխանցի արքայազնին
Քիչ առաջ բնապահպան ակտիվիստները, որոնք Մատենադարանի առջև արքայազն Չարլզին սպասելիս ակցիա էին անցկացնում, իրենց հայտարարության տեքստը փոխանցեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզին: Իր հերթին նամակը վերցնելով դեսպանը խոստացավ հանձնել այն արքայազնին.
«Ես խոստանում եմ, որ արքայազնի գրասենյակը անպայման կստանա այս նամակը և ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը նույնպես պատրաստ է հանդիպել բնապահպաններին»,- ակտիվիստներից մեկի հետ զրույցում ասաց դեսպանը:
Հարցին, թե հնարավոր է արքայազն անմիջապես հանդիպի բողոքող բնապահպաններին, դեսպանն ասաց, որ արքայազնը չի հանդիպի, բայց նրա օգնականը հնարավոր է հանդիպի: Բնապահպաններն ասացին, որ իրենք խաղաղ ակցիա են անցկացնում և ուրախ են, որ այդպիսի բնապահպան, ինչպիսին Չարլզն է, ժամանել է Հայաստան:
Նշենք, որ այս պահի դրությամբ արքայազնը դեռ չի եկել Մատենադարան, դեսպանատան աշխատակազմը սպասում է Մատենադարանի ներսում: Հավաքված են բազմաթիվ ոստիկաններ, այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նախորդիվ`
«Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին». Մատենադարանում սպասում են արքայազնին