Հայաստանի Առաջին Հանրապետության դասերը. «Պետք է գիտակցել, թե ինչի կարող է հանգեցնել անմիաբանությունը»
Մայիսյան հերոսամարտերը, որոնք ծնունդ տվեցին Հայաստանի Առաջին Հանրապատությանը, հավաքական հերոսամարտեր էին, հավաքական հաղթանակ էր: Ասուլիսում նման դիտարկում արեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը: Մայիսյան հաղթանակները, ըստ պատմաբանի, միասնության վառ օրինակ են. «Ժողովրդի միասնականությունը ծայրահեղ վտանգավոր պահին, երբ դրված էր գոյության, ազգի պահպանման խնդրը, պսակվեց հաջողությամբ»: Նա շեշտեց, որ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, որոնց անկախությունը նվիրեցին, հայ ժողովուրդը անկախությունը նվաճեց:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հպարտությամբ ու երախտիքով հիշել այն մարդկանց, ովքեր կարողացան հասնել նրան, որ Հայաստանն անկախացավ:
«Ժողովրդի կյանքում ամենասրբազան բանը պետականությունն է: Ամենադժբախտն այն ժողովուրդն է, որ զուրկ է դրանից: Մեր պետականությունը մենք պետք է կարողանանք ամեն գնով պաշտպանել, ամեն գնով օգտակար լինենք մեր պետությանը»,- ասաց պատմաբանը: Ըստ Պ. Հովհաննիսյանի, հաճախ անտեսում են պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարաձությունները, դասերը: Նա օրինակ բերեց, որ Առաջին Հանրապետության ժամանակ շեշտը դրվեց մանր տնտեսության զարգացման վրա, իսկ այժմ հակառակն է, Առաջին Հանրապետության ժամանակ հայոց լեզվի անախարտության պահպանության ուղղությամբ մեծ աշխատանք էին տանում բոլորը, իսկ այսօր…:
Մհեր Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ օրինակ պետք է վերցնել Առաջին Հանրապետության անկման պատճառներից. «Այն ժամանակ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա չեղավ, ամեն մեկն իր տեսակետներն էր արտահայտում` բավականին լուրջ, բավականին վեհ, բայց իրական գործ կատարող չեղավ, բացի մեկ ուժից, բայց մեկ ուժ չէր կարող ամեն ինչ անել»: Նա նշեց, որ պետք է գիտակցել, թե ինչի կարող է հանգեցնել անմիաբանությունը: Մասնագետն ընդգծեց, որ առաջին դասը հենց սա պետք է լինել` «բոլորը տեսնեն, թե իրականում ինչ կարող է լինել պետության հետ, եթե չլինի միաբանություն»: «Եթե ներսում նշմարվի անմիաբանություն, կլինի լուրջ պայթյուն, ինչպես եղավ Առաջին Հանրապետության ժամանակ»,- համոզմունք հայտնեց պատմաբանը: