Պարգևատրում ՀՀ նախագահի նստավայրում. «Պետք է հատուցենք մեր աշխատանքով և միասնականությամբ»
Հայաստանի Հանրապետության 95-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով մշակույթի, կրթության, առողջապահության, տնտեսական և հասարակական այլ ոլորտների ականավոր մի շարք գործիչներին շնորհվեցին պետական պարգևներ և կոչումներ: Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պետական պարգևների և կոչումների հանձնման պաշտոնական արարողությունը:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվեց Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Երկրի ղեկավարի ձեռքերից ստանալով մեդալը, վերջինս նախ շնորհակալություն հայտնեց նման բարձր պարգևի համար և կարևորեց, որ արժանացել է Հանրապետության 95-րդ տարելիցի օրը: Նրա խոսքով` այսօր յուրաքանչյուր հայորդի պետք է քիչ տխրությամբ բայց հրճվանքով հիշի Սարդարապատի հերոսամարտը, Հանրապետության կայացման հետագա գոյամարտը, նրա մասնակիցներին: «Մենք պետք է հատուցենք նրանց ամեն օր, ամեն ժամ` մեր աշխատանքով և միասնականությամբ», - շեշտեց նա:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվեցին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Քաջազուն Գյուրջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Արտյուշա Կարապետյանը, դուդուկահար Գեորգի Մինասյանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը:
Ստանալով պարգևը, վերջինս խիստ կարևորեց, որ ՀՀ կառավարությունը որպես գերակա ոլորտներ առաջ է տանում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նա գոհունակությամբ նշեց, որ այսօր այդ աջակցության շնորհիվ է, որ ՏՏ ոլորտի շատ ձեռնարկություններ լիարժեք աշխատում են հօգուտ երկրի պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների կյանքի դյուրացման:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով արգևատրվեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, գրող Լևոն Խեչոյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանը, բարերար (ԱՄՆ) Բաբկեն Մկրյանը,
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվեցին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը,
Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվեցին Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ (ԱՄՆ) Կարո Արմենը, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Անատոլիյ Գնունին, «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Զոհրաբյանը, «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանը, Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը, հասարակական-պետական գործիչ Խաժակ Անդրանիկի Դրամփյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանը,
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվեցին աստղագետ Հակոբ Թերզյանը (Ֆրանսիա), ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Շաբոյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը, «Պրոլայթինգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Տոնիկյանը:
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվեցին Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Աղաբեկյանը, «Մեր հաղթանակը» հաղորդաշարի գլխավոր խմբագիր Ամիրան Գալստյանը, գրող Գոնսալո Գուարչը (Իսպանիա), «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Դավթյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանը (ԱՄՆ), փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանը (Դանիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ժորես Խաչատրյանը, Ցյուրիխի երաժշտանոցի դասախոս Դավիթ Հալաջյանը (Շվեյցարիա), հրապարակախոս Հրանտ Ղազարյանը, սաքսոֆոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանը, Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան, փոխտնօրեն Մակիչ Մարգարյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսեանը (Լիբանան), «Դար ալ Մուրադ» հրատարակչատան գլխավոր տնօրեն Միշել Մուրադը (Լիբանան), Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Պետրոսյանը (ԱՄՆ), Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը, դերասան Մուրադ Ջանիբեկյանը, թատրոնի զգեստների նկարիչ Մերի Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցներ՝ ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր Արա Շահբազյանը, ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր Կարեն Պողոսյանը պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալով:
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.
Գիտության վաստակավոր գործչի՝ Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանին, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ժոզեֆ Փանոսյանին,
Ժողովրդական արտիստի`քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հասմիկ Լեյլոյանին,
Ժողովրդական նկարչի՝գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Գրիգորյանին,
Վաստակավոր արտիստի՝ Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Գրիգոր Բաղդասարյանին, Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանին, դաշնակահար Հայկ Մելիքյանին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Շամցյանին (Բալանդինա), Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Ռուշանյանին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակելինա Սարխոշյանին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ Սաֆարյանին,
Վաստակավոր նկարչի՝Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս Վոլոդյա Աբրահամյանին, Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանին, Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար Աննա Հարությունյանին, գեղանկարիչ Ռաֆայել Մելիքյանին,
Արվեստի վաստակավոր գործչի՝Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանին,
Մշակույթի վաստակավոր գործչի՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Գարեգին Անանյանին, «Ակունք» ազգագրական համույթի երգիչ Սարգիս Բաղդասարյանին, Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր Քնարիկ Փիլոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա