«Իդեալ»-ի դեմ պայքարող կինը մինչ այդ հաշվառված եղել է Ավանի հոգեբուժարանում. ՄԻՊ աշխատակիցներն այցելել են նրան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը, լրատվամիջոցներում հրապարկված տեղեկությունների հետքերով, այցելել է Ավանի հոգեբուժարան և պարզել, որ «Իդեալ»-ի դեմ պայքարող 70-ամյա Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելը օրիանական է եղել:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները հոգեբուժարանում խոսել են բժիշկների հետ, ծանոթացել փաստաթղթերին, տեսել փորձաքննության եզրակացությունը և դրա հիման վրա դատարանի որոշումը` հարկադիր բուժում անցկացնելու մասին:
ՄԻՊ խոսնակի փոխանցմամբ, սակայն, ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներին չի հաջողվել խոսել Ամալյա Նազարեթյանի հետ: «Այդ պահին դեղ են սրսկած եղել, և նա չի կարողացել խոսել», -փոխանցեց Նաիրա Կարմիրշալյանը: Նա նաև ասաց, որ իրենց աշխատակիցները գրանցամատյանում նկատել են, որ Ամալյա Նազարեթյանի անվան դիմաց նշվել է, որ վերջինն այնտեղ հաշվառված է եղել 2 անգամ: Սակայն ՄԻՊ աշխատակիցներին չեն հստակեցրել, թե հատկապես որ ժամանակահատվածում է կինը հաշվառված եղել Ավանի հոգեբուժարանում:
Ամալյա Նազարեթյանին Ավանի հոգեբուժարան տեղափոխվելու մասին լուրը տարածվեց, երբ «Հայկական ժամանակ» թերթը, տիկնոջ հարևանների ահազանգի հիման վրա նյութ էր հրապարակել: Շենքի բնակիչները տեղեկացրել էին, որ իրենց հարևանուհուն՝ ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Թերթի խմբագրություն զանգահարած երիտասարդ կինը, ըստ աղբյուրի, խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված է եղել և օգնություն է աղերսել: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին և երկրորդ հարկերի միջև:
Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ՝ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն և ահա, օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան: Դա տեղի է ունեցել մեկ հոգեբույժի և չորս ոստիկանի մասնակցությամբ: Թերթը նշել էր, որ խանութը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ է կապվում:
Երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ տիկին Նազարեթյանի հետ կապված խնդրին անդրադարձել էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նկատել, որ տիկնոջը հոգեբուժարան տեղափոխել են օրինական:
Նախորդող հրապարակում. 70-ամյա կնոջը հոգեբուժարան տեղափոխելը օրինական է եղել. Ոստիկանապետը` «Իդեալի» դեմ բողոքող կնոջ մասին