Ընդդեմ արտագաղթի. Ավելի լավ է անող կինը, քան ոչինչ չանող տղամարդը
Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքը որպես հայկական գյուղ ձևավորվել է 1988թ-ի աղետալի երկրաշարժից հետո, նախկինում այն եղել է ադրբեջանաբնակ: Panorama.am-ի հետ զրույցում համայնքապետ Աղունիկ Հազրյանը նշեց, որ գյուղում ոչ մի վարչական շենք այսօր էլ չկա` ոչ դպրոցի, ոչ Մշակույթի տուն, ոչ էլ մանկապարտեզ.
«Մի խոսքով, ամեն ինչ իրականացվում է բնակելի տների մեջ, օրինակ, երեք բնակելի տներ հատկացվել են դպրոցի համար, սենյակները տաքացնում ենք դիզվառելիքով.. այո, դա առողջության համար շատ վնասակար է, բայց այդպես գոյատևում ենք»,-պատմեց նա, ով արդեն ութերորդ տարին համայնքի ղեկավար է:
Տիկին Հազրյանը նշեց, որ նման պայմաններում գոյությունը պահպանող համայնքի առօրյան լի է հոգսերով, բազմապիսի խնդիրներով, որոնց մեծամասնությունը կարծես անլուծելի են: Ճիշտ է, որոշ ծրագրեր լուծվում են, բայց գլոբալ իմաստով կարևորները շարունակում խնդիր էլ մնալ.
«Ամենակարևորը մեզ համար այսօր դպրոցի շենքի կառուցման խնդիրն է, ինչպես նաև ոռոգման ջրի ներքին ցանցի նորոգումը»,- տեղեկացրեց նա:
Թեև ասում է, որ դպրոցի շենքի կառուցումը ամենակարևոր խնդիրներից մեկն է, բայց և ցավով նկատում, որ երեխաների թիվը համայնքում գնալով նվազում է. անցած տարի դպրոցն ուներ 130 աշակերտ, իսկ այսօրվա դրությամբ այդ թիվը գրեթե երկու անգամ կրճատվել է` այսօր արդեն 60 երեխա է դպրոց հաճախում.
«Խնդիրը ոչ միայն արտագաղթն է, քանի որ մարդիկ ստիպված լքում են իրենց հայրենիքը, այլ այն, որ յուրաքանչյուր ծնող, ով փոքրի-շատե հնարավորություն ունի Գյումրիում կամ հարևան գյուղերում երեխային դպրոց դասավորել, դա անում է: Բացի այս, ծնելիության ցուցանիշն էլ մտահոգիչ ցածր է»,- նշեց նա ու ավելացրեց, որ համայնքից չհեռացող երիտասարդ ընտանիքներն էլ մեկ-երկու երեխայից ավելի այլևս չեն ունենում:
Վերադառնալով արտագաղթի խնդրին մեր զրուցակիցը նկատեց` ամեն ինչ սկսվում է այսպես կոչված սեզոնային արտագաղթից, երբ տան տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, մեկ էլ տեսար վերադառնում, սակայն միայն այն նպատակով, որպեսզի ընտանիքը տանի հետը արտերկիր: Իսկ հաշվի առնելով, որ համայնքի տղամարդկանց գրեթե 80 տոկոսը սեզոնային աշխատանքի է մեկնում, արտագաղթի ցուցանիշը չի նվազում: Դե իսկ կանանց մնում է զբաղվել անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ, իսկ մեծամասամբ ուղղակի տան գործերով, քանի որ զբաղվածության որևէ ոլորտ համայնքում զարգացած չէ.
«Իրականում համայնքում կարելի է մի շարք աշխատատեղեր բացել` կարի արտադրամաս, բրդի մթերման արտադրամաս, քանի որ ոչխարաբուծությունն է զարգացած… հեռանկարներ կան, ուղղակի ներդրում է հարկավոր, գումար, քանի որ բյուջեն փոքր է, դոտացիաները կազմում են ընդամենը 10 մլն, իսկ դրանով ոչինչ անել չես կարող»:
Մի խոսքով` Արեգնազան գյուղում առկա են բոլոր այն խնդիրները, որ կան հայաստանյան գրեթե բոլոր համայնքներում: Մեկ բանով է, սակայն, համայնքը տարբերվում շատ շատերից` արդեն ութ տարի այն կին է ղեկավարում, այն էլ որտեղ` Շիրակի մարզում: Հետաքրքվեցինք` ինչպե՞ս են տղամարդիկ հանդուրժում իրեն, ինչը ժպիտ բերեց մեր զրուցակցի մոտ.
«Ես Շիրակի մարզի առաջին կին համայնքապետն են և ձեռնոց եմ նետել բոլոր ավանդույթներին: Սկզբնական շրջանում իսկապես դժվար էր, շատերը նույնիսկ մատով էին ցույց տալիս` կին է, ղեկավար է, ո՞նց կլինի: Իսկ հիմա բոլորը սիրում ու ընդունում են, օգնում են: Արդեն կա այն մտածելակերպը, որ կինը շատ բան կարող է անել համայնքի համար և ավելի լավ է կին լինի, քան ոչինչ չանող տղամարդ»,- պատմեց նա:
Ի դեպ, անդրադառնալով այն կարծրատիպին, թե կանանց դժվար է միմյանց հետ աշխատել և կանայք սովորաբար գերադասում են «լեզու գտնել տղամարդկանց հետ» Ա.Հազրյանը մատնանշեց, որ իրենց համայնքի ավագանիում կա մեկ կին ավագանի և չորս տղամարդ, աշխատակազմում էլ կանայք են գերակշռում, և նա ամենևին էլ չի դժվարանում կանանց հետ աշխատել.
«Եթե աշխատողը գիտակից է, հասկանում է և գիտի իր գործը, իսկ ամենակարևորը սիրում է իր աշխատանքը համայնքում, ի՞նչ տարբերություն կնոջ հետ ես աշխատում, թե տղամարդու: Այդ տարբերությունը միայն «վերևներում» կարելի է նկատել` երբ տղամարդու հետ ես գործ բռնում, շատ հեշտ է լինում` քեզ կին են ընկալում, ինչ-որ տեղ տեղ են տալիս և այլն»,- հավելեց նա ու ավելացրեց, որ հաջորդ ընտրություններին էլ պատրաստվում է առաջադրվել, քանի որ չի սպառել իրեն ու ասելիք էլ դեռ ունի.
«Քանի ուժերս ներում են, ես առաջադրվելու եմ»:
Նշենք, որ բոլորովին օրերս Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման նախարարությունից ՏԻՄ-երում կանանց մասնակցության վերաբերյալ ստացել էինք հետևյալ ցուցանիշները` հանրապետությունում ներկայումս կին համայնքապետերի թիվը 19-ն է, իսկ ավագանու կին անդամների թիվը կազմում է ընդհանուր թվի մոտ 7 տոկոսը:
Նախորդիվ`
ՏԿՆ. Ներկայումս ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության ցուցանիշը գոհացուցիչ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները