Ադրբեջանցի փորձագետ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ պատերազմի
Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ պատերազմի: «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն:
Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանական բանակում իշխում են հանցագործ աշխարհի օրենքները: «Բազմաթիվ երիտասարդներ առաջին հերթին հոգեպես պատրաստ չեն զինվորական ծառայությանը: Բացակայում է ռազմահայրենասիրական քարոզչությունը, իսկ դրա փոխարեն առկա են բազմաթիվ բացասական շեշտադրումներ`զինվորների մահեր, ոչ կանոնադրական հարաբերություններ և այլն: Այդ պատճառով նախքան զորակոչվելը նորակոչիկը արդեն իսկ վստահ է, որ բանակում նա կենթարկվի ճնշումների: Երիտասարդության շրջանում լուրեր են տարածվում, որ բանակում ուրիշների ճնշումներից խուսափելու նպատակով պետք է ցույց տալ սեփական ուժը: Եվ հենց այդ պատճառով որոշ երիտասարդներ ցուցաբերում են չափազանց մեծ ագրեսիա: Դա հիշեցնում է քրեական աշխարհի օրենքները`այն է, ինչպես քեզ կդրսևորես սկզբում, այնպես էլ կլինի հետագայում: Երիտասարդությունը սխալ է պատրաստվում զինվորական ծառայությանը`դրանք նախևառաջ պատրաստվում են նրան, որպեսզի ցույց չտան իրենց թուլությունը: Եթե մարդը պատրաստում է իրեն, նախևառաջ, ագրեսիային դիմակայելուն, ապա ինքը նույնպես շեշտը կդնի հենց նույն ագրեսիայի վրա»,- նշել է Ա. Իսազադեն:
«Ես չեմ պնդում, որ բանակում ինչ-որ մեկին անպայման ցանկանում են սպանել, սակայն պետք է փաստել, որ երիտասարդ նորակոչիկները հաճախ ենթարկվում են ֆիզիկական ճնշումների: Այս առումով ստույգ թվեր նախանշել դժվար է: Սակայն փաստ է, որ հունվար ամսից առ այսօր մահացել է 30 զինվոր: Հիմա պատկերացրեք, թե ինչքա՞ն զինվոր է ենթարկվել կտտանքների»,-հավելել է Ա. Իսազադեն:
Բանախոսի համոզմամբ, զինված ուժերում առկա հիմնախնդիրների շարքում իր էական դերն ունի նաև կոռուպցիան: «Մամուլում շատ է խոսվում բանակի ղեկավար կազմի շրջանում առկա կոռուպցիայի մասին, որ իբր ամեն ինչ վաճառվում է`զենքը, պարենը և այլն: Զինվորների և կրտսեր սպայական կազմի շրջանում նույնպես առկա են կոռուպցիոն գործընթացներ: Դրամահավաքություն, հրամանատարների համար հեռախոսային քարտերի ձեռք բերում և այլն: Հենց ծնողներն են հրամանատարներին առաջարկում գումար և նվերներ միայն նրա համար, որ իրենց երեխաներին չտանջեն: Ոմանք դա անում են սեփական կամքով, մյուսներին ստիպում են: Նրանք, ովքեր վճարում են, ծառայում են ավելի հարմարավետ պայմաններում և նրանց զինվորական բեռը ընկնում է մյուսների ուսերին: Խոսքը գնում է զուգարանների մաքրման մասին, որը անարգանք է համարվում: Դուրս է գալիս, որ ամենաթույլն ու անպաշտպանը մաքրում է զուգարաններ» ասել է Ա. Իսազադեն:
Ռազմական հոգեբանի կարծիքով, ադրբեջանական զինված ուժերում առկա է նաև մարտունակության և ռազմական պատշաճ պատրաստվածության խնդիր:
«Ռազմահոգեբանական պատրաստվածությունը կազմված է մի քանի փուլերից: Նախնական փուլը սկսվում է քաղաքացիական կյանքում ռազմահոգեբանական պատրաստվածության ապահովումից: Նորակոչիկները չեն ստանում նման պատրաստվածություն և հայտնվում են բանակում, որտեղ նրանց սպասում է արդեն երկրորդ փուլը, այն է` ռազմական պատրաստություն: Սակայն հաճախ լինում է այնպես, որ բանակում զինվորը ստանում է միայն ընդհանուր գիտելիքներ, այլ ոչ թե իրական ռազմական պատրաստություն: Դպրոցում ռազմական պատրաստվածությունը անցկացվում է շատ պարզեցված մեթոդով: Կան զինվորներ, որոնք ընդհանրապես որևէ պատկերացում չունեն զենքի հետ վարվելու կանոնների վերաբերյալ:Ի վիճակի չեն նույնիսկ քանդել և հավաքել այն: Միայն շփման գծում են զինվորները զենք տեսնում: Զորքերի շփման գծից դուրս գտնվող զորամասերում, անվտանգության նկատառումներից ելնելով, զինվորներին զենք չի տրամադրում: Միևնույն ժամանակ ոչ ոք չի մտածում զինվորների ռազմական պատրաստության մասին: Եթե սկսվեն մարտական գործողությունները զինվորը ցանկացած դեպքում պետք է մասնակցի դրանց: Ի՞նչ է նա այդ ժամնաակ դնելու»,- նշել է Ա. Իսազադեն:
Փորձագետի խոսքերով, Ադրբեջանում ներկա պահին ավելի մեծ հեղինակություն են վայելում շոու բիզնեսի ներկայացուցիչները, քան թե ազգային հերոսները:
«Եթե պատերազմ սկսվի, կարծում եմ, հասարակությունը պատրաստ չէ պատերազմի: Բանակը միայնակ չի կարող հաղթել պատերազմում: Պատերազմում հաղթում է պետությունը: Համախմբման գաղափարը պետք է բխի նախևառաջ ժողովրդից: Եթե ժողովուրդը պատրաստ չէ համախմբման, ապա բանակը ի վիճակի չի լինի մարտնչել»,-ասել է ռազմական հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու