«Լավագույն խաղի» համար 10 թիմ է մրցում
10 երիտասարդ թիմեր ներկայացրել են իրենց նախագծերը «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության առաջին փուլի շրջանակում, որը կայացավ մայիսի 25-ին:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հաղորդմամբ, նախագծերից մի քանիսը գրեթե ավարտուն էին, իսկ մյուսները` դեռևս նախագծման սկզբնական փուլում: Ժյուրիի խորհրդատվությունն ու աջակցությունը ստանալուց հետո մասնակիցները կսկսեն բարելավել իրենց նախագծերը և վերջնական տարբերակը կցուցադրեն հոկտեմբերին կայանալիք խաղերի ցուցահանդեսում:
Այս տարի առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ներկայացուցիչներ Եգիպտոսից և Հնդկաստանից, որոնց մասնակցությունն առաջնությունում կհաստատվի 2-րդ փուլում:
Տեղեկացնենք, որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանակցողները հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել իրենց մասնակցության հայտերը: Իսկ մինչև հունիսի 10-ը գրանցվողները հնարավորություն կստանան խաղերի հետագա զարգացման և մշակման վերաբերյալ ժյուրիի կողմից խորհրդատվություն ստանալ, ինչպես նաև մասնակցել և իրենց խաղերը ներկայացնել հունիսին կայանալիք DigiTec Business Forum-ին: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:
Առաջնության ժյուրիի կազմում են ոլորտի փորձագետներ՝ Գևորգ Սարգսյանը` Plexonic, Արա Աղամյանը՝ Triada, Արշամ Մանուկյանը` Sourcio, Սուրեն Ազատյանը, Դավիթ Քոչարյանը` Microsoft, Արամ Շահինյանը` Zoom Graphics, Ալեքսանդր Կագինյանը` Orange ընկերություններից, և Վահե Տոռոզյանը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:
Մասնակիցները մրցելու են 9 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,700,000 դրամ, որը կբախշվի ըստ անվանակարգերի:
Հիշեցնենք, որ առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտում: