Դ. Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ իրավիճակի հանգուցալուծմանը
ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, վերջին շրջանում, կարծես թե, բանակցային գործընացքում որոշակի ակտիվություն է նկատվում, նույնիսկ մամուլում լուրեր հայտնվեցին, որ բանակցությունների սեղանին նոր փաստաթուղթ է դրված: Արդյո՞ք Արցախյան կողմից նոր փաստաթուղթ է ներկայացվել:
Նման տեղեկություններ ժամանակ առ ժամանակ տարածվում են: Վերլուծելով բանակցային գործընթացի տրամաբանությունը, առնվազն 5 տարի մեկ, ինչ-որ նոր, բանաձևեր են առաջարկվում և, կարծես թե ժամանակն է, որ կողմերին նոր առաջարկներ ներկայացվի: Սակայն այս պահի դրությամբ որևէ նոր փաստաթուղթ չկա: Միաժամանակ պետք է շեշտել, որ ինչ բանաձև էլ ներկայացվի, այն պետք է հիմնված լինի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա:
-Ինչպե՞ս կգնահատեք, վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից, խնդրի կարգավորման առնչությամբ հնչող հայտարարությունները:
Ինչպե՞ս վերաբերվել դրանց, եթե Ադրբեջանի քաղաքականությունը ծառայում է մեկ նպատակի՝ բանակցությունների ձախողման: Դժվար է ենթադրել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ ու նորմալ քննարկումներ ծավալել: Մի բան պարզ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ իրավիճակի հանգուցալուծմանը:
-Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե շահագրգռված է բանակցությունների ակտիվացմամբ:
Հայտնի է, որ Ադրբեջանն արդեն մտնում է բավականին ակտիվ ներքաղաքական շրջան, առջևում նախագահական ընտրություններ են, իսկ այնտեղ ամենաշատը շահարկվող խնդիրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն է: Ադրբեջանի նախագահը լեգիտիմության խնդիր ունի և փորձում է ԼՂ հարցը «ակտիվացնելով» շրջանցել այդ խնդիրը: Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում մեծ խնդիր է նաև ազգային փոքրամասնությունների հարցը և հաճախակի բախումներ են լինում: Ադրբեջանն այս և նման խնդիրները քողարկելու համար անընդհատ փորձում է հասարակության ուշադրությունն այլ ուղղությամբ շեղել: